ՌԵՍՈ–ն առողջության ապահովագրության ոլորտում տարվա լավագույն ընկերություն է ճանաչվել

21.06.2013 15:54
ՌԵՍՈ–ն առողջության ապահովագրության ոլորտում տարվա լավագույն ընկերություն է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Հուսո Աստղ» ազգային մրցանակաբաշխություն-2013-ի հանդիսավոր արարողության ընթացքում «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն արժանացավ «Հուսո աստղ» մրցանակի` ճանաչվելով Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն առողջության ապահովագրության ոլորտում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, մրցանակը հանձնել են ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի արտաքին կապերի վարչության պետը և մամլո խոսնակը:

Ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը, ստանալով պատվավոր մրցանակը, իր խոսքում նշել է, որ առողջապահության ոլորտում շատ կարևոր դեր ունեն բուժհաստատությունները և բժիշկները, ովքեր կյանքեր են փրկում։ «Սակայն նրանք կհաստատեն, որ շատ հաճախ այդ գործին խոչընդոտում են ֆինանսական խնդիրները. հենց ապահովագրությունն է այն կախարդական փայտիկը, որն օգնում է լուծել այս ոչ պակաս կարևոր հարցը»,– ասել է նա։

Ըստ կազմակերպիչների` արդյունքները հայտնի են դարձել «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված համաժողովրդական անկախ քվեարկության տվյալներն ամփոփելուց հետո:

Հանդիսանալով ամենադինամիկ զարգացող կազմակերպությունը` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը Հայաստանում իր գործունեության կարճ ժամանակահատվածում զբաղեցնում է ապահովագրական շուկայի առաջատար դիրքերը:

Ընկերությունից նշեցին, որ ՌԵՍՈ–ն շուկայում բացարձակ առաջատար է մի շարք ցուցանիշներով: 2012-2013թթ-ին հատկապես բարձր է գնահատվել ՌԵՍՈ-ի գործունեությունն առողջության ապահովագրության ոլորտում։

2012թ-ին ընկերությունն ապահովադիրներից առողջական խնդիրների վերաբերյալ ստացել է մոտ 45000 զանգ, որոնցից շուրջ 21000-ը գրանցվել է որպես հայտ: Նույն ցուցանիշները 2013-ի հունիսի 20-ի դրությամբ հետևյալն են` շուրջ 42000 զանգ, որից 10000-ը գրանցվել է որպես հայտ:

2012-2013թթ. ընթացքում ընկերության կողմից միայն մարդու կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների մասով կազմակերպվել են 660 վիրահատություն` ընդհանուր առմամբ մոտ 500 մլն. դրամ արժողությամբ:

«ՌԵՍՈ-ի պրոֆեսիոնալ թիմի համար որպես զարգացման ուղենիշ ծառայում է ընկերության առաքելությունը, այն է` աջակցել քաղաքակիրթ ապահովագրական շուկայի և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Ռեսո խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և ներառում է ավելի քան 30 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում: -0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև