ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին առաջին անգամ կայցելի Հայաստան

17.07.2013 15:27
ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին առաջին անգամ կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ)  նախագահ Սումա Չակրաբարտին հուլիսի 18-ին կատարելու է իր առաջին պաշտոնական այցը Հայաստան` Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Երկօրյա այցի ընթացքում Չակրաբարտին հանդիպելու է Հայաստանի պետական պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար և ՎԶԵԲ-ի Հայաստանի կառավարիչ Վահրամ Ավանեսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, ինչպես նաև տեղական գործընկեր բանկերի և բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Չակրաբարտիի այցը Հայաստան համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության մեկնարկի 20-րդ տարեդարձի հետ։ Այդ կապակցությամբ հուլիսի 19-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում անցկացվելու է մամլո ասուլիս, որին  հաջորդելու է ընդունելություն:

Սումա Չակրաբարտին ընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ 2012թ. և ստանձնել է իր պաշտոնը հուլիսի 3-ին` դառնալով Բանկի վեցերորդ նախագահը: Ավելի վաղ Միացյալ թագավորության Արդարադատության նախարարության Մշտական քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ մինչ այդ` նույն պաշտոնը Միջազգային զարգացման նախարարությունում: Նա Օքսֆորդի և Սասեքսի համալսարանների շրջանավարտ է, աշխատել է Բրիտանիայի կառավարության հետ 1984թ.-ից և արժանացել Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի տիտղոսի:

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1993թ.-ից ի վեր և առ այսօր ներդրել է ավելի քան 656 միլիոն եվրո 120 ծրագրերում: ՎԶԵԲ-ի` Հայաստանի համար մշակված ներկայիս ռազմավարության հիման վրա, որը հաստատվել է 2012թ. մայիսին, Բանկի առաջնահերթ նպատակները ֆինանսական ոլորտի զարգացումն ու ֆինանսավորման հասանելիության բարելավումներն են, հատկապես ՓՄՁ-ների համար, ինչպես նաև մունիցիպալ և տրանսպորտի ենթակառուցվածքների բարելավումը, ագրոբիզնեսի և արդյունաբերական ընկերությունների զարգացումն ու կայուն էներգիայի և հանքահանման ծրագրերի աջակցությունը` բնապահպանական և սոցիալական պաշտպանության բարձր ստանդարտներով:

2012թ. ՎԶԵԲ-ը Հայաստանում ստորագրել է 15 ծրագրերի համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 94 միլիոն Եվրո: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև