Կոնվերս բանկի զուտ շահույթը 2014 թվականին ավելի քան 5 անգամ աճել է և 2.4 մլրդ դրամ կազմել

04.02.2015 16:10
Կոնվերս բանկի զուտ շահույթը 2014 թվականին ավելի քան 5 անգամ աճել է և 2.4 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկի զուտ շահույթը 2014 թվականին աճել է ավելի քան 5 անգամ և 2.4 մլրդ դրամ կազմել, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Միաժամանակ, ըստ նրա, օպերացիոն շահույթը կազմել է 3.2 մլրդ դրամ, ինչը 2.6 անգամ շատ է 2013 թվականի նույն ցուցանիշից։

Դավթյանը նշեց, որ բանկի օպերացիոն հասույթը 2014 թվականին կազմել է 9.7 մլրդ դրամ` 2013 թվականի համեմատ ավելանալով շուրջ 30 տոկոսով։

«Բանկը կարողացել է նաև ավելացնել զուտ տոկոսային եկամուտը` զուգահեռ նվազեցնելով օպերացիոն և ադմինիստրատիվ ծախսերը»,– ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` աճի դրական ցուցանիշներ են գրանցվել նաև զուտ առևտրային եկամուտների, արժութային գործառնությունների և զուտ օպերացիոն ոչ տոկոսային եկամուտների գծով։ Նշվածներից վերջինները տարվա արդյունքում աճել են 45 տոկոսով և 3.4 մլրդ դրամ կազմել։

Դավթյանը նշեց, որ 2014 թվականին բանկն ագրեսիվ–պահպանողական քաղաքականություն է վարել, որը բավականին արդյունավետ է եղել և թույլ է տվել ոչ մեծ, բայց կայուն շահույթ ստանալ` առանց ռիսկային գոտի դուրս գալու։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%:

2014 թվականի արդյունքում բանկի ակտիվները կազմել են շուրջ 150 մլրդ դրամ, պարտավորությունները` 126 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 97 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 23 մլրդ դրամ։ (1 դոլարը`476,64 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև