Հայաստանի համար կարևոր է ունենալ առևտրի ֆինանսավորման զարգացած ենթակառուցվածք. HSBC Բանկ Հայաստան

03.04.2015 14:50
Հայաստանի համար կարևոր է ունենալ առևտրի ֆինանսավորման զարգացած ենթակառուցվածք.  HSBC Բանկ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նման երկրների համար չափազանց կարևոր է ունենալ առևտրի ֆինանսավորման զարգացած ենթակառուցվածք, Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի ժամանակ ասաց  HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն պարոն Թիես Քլեմենցը:

«Կարևոր է նաև, որպեսզի հայաստանյան ներկրողներին ու արտահանողներին հասանելի լինեն անհրաժեշտ ֆինանսական գիտելիքները»,- նրա խոսքերը մեջբերում է բանկի մամուլի ծառայությունը:

Նշվեց, որ հայաստանյան ընկերություններն իրենց աճի տեմպերն ապահովելու համար ավելի ու ավելի են ձգտում ընդլայնվել միջազգային շուկաներում, սակայն դրա համար նրանց անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ և միջազգային նոր կապեր, եթե իրապես մտադրված են լիարժեք օգտվել այսօրվա առևտրային հնարավորություններից:

«Առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր ունեցած 150 տարվա միջազգային փորձը մեզ թույլ է տալիս նման աջակցություն ցույց տալ: Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես են կազմակերպությունները առևտրի ֆինանսավորման գործիքները նախընտրում «կանխավճարային» տարբերակին՝ քանի որ առաջինները ավելի ապահով են, նվազ ռիսկային և ֆինանսապես առավել արդյունավետ»,- նշեց նա:

Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան մի հարթակ է, որն օգնում է հայաստանյան ներկրողներին և արտահանողներին իրականացնել ավելի արդյունավետ միջազգային առևտուր, նվազեցնել ռիսկերը, լիարժեք բացահայտել իրենց ներուժը և ընդլայնվել դեպի միջազգային շուկաներ: Սա պարբերաբար իրականացվող միակ համակարգված աշխատաժողով-դասընթացն է հաճախորդների և տեղական բիզնեսների համար:

Շուրջ 50 կազմակերպությունների ղեկավարներ մասնակցեցին այսօրվա միջոցառմանը, որի ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման փորձագետները ներկաներին փոխանցեցին միջազգային առևտրի ոլորտում արդի միտումների մասին իրենց գիտելիքն ու փորձը:

«Մեր նպատակն է աջակցել ԱՄՆ-ի և Հայաստանի բիզնեսների միջև կապերի ամրապնդմանը, ինչը կնպաստի երկու երկրներում տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Մեր երկու երկրների միջև առևտրի զարգացման հնարավորությունները մեծ են: Մեր առաջնահերթություններից է ամրապնդել առևտրային և բիզնես հարաբերությունները ԱՄՆ-ի և Հայաստանի միջև»,- Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ 2014 թ-ին HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի առևտրի ֆինանսական բաժինը գրանցել է առևտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալների 35% աճ կամ 23 միլիարդ ՀՀ դրամ:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

Բանկի ակտիվները 2014 թ.–ին կազմել են 306,6 մլրդ դրամ (աճ` 22,9%), պարտավորությունները` 259,6 մլրդ դրամ (աճ` 24,75%), ընդհանուր կապիտալը` 47 մլրդ դրամ (աճ` 13,8), վարկային ներդրումները` 186,5 մլրդ դրամ (աճ` 21,7%), զուտ շահույթը` 6,6 մլրդ դրամ` նախորդ տարվա 8 մլրդ դրամի փոխարեն։ ($1 – 472,37 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև