ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նախաձեռնությամբ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ է ստեղծվել

18.05.2015 14:51
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նախաձեռնությամբ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նախաձեռնությամբ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ է ստեղծվել, հայտնեց բանկի ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 15-ին կայացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշ երեկո: Հուշ երեկոյին ներկա էին Ստեփան Գիշյանի մայրը, հարազատները, մտերիմները, գործընկերները:

«Մեկ տարի՝ առանց Ստեփան Գիշյանի ու նրա ներկայությամբ»,- այսպես անցած ժամանակը բնութագրեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ խոսելով ուսանողական ընկերոջ մասին:

«Այս մեկ տարվա ընթացքում նա մեր կողքին չէր, բայց շատ հաճախ ենք հիշել նրան, խոսել նրա հետ, խորհուրդ հարցրել, ծիծաղել, որովհետև Ստեփանը լավ հումոր ուներ, շատ հաճախ էլ իր տեսակետներն ենք քննարկել, որովհետև ինչ նա հասցրել է անել՝ բավականին մեծ պաշար է բոլորիս համար, որին հետագայում ևս պետք է անդրադառնանք ու քննարկենք: Գիշյանը նոր ստանդարտներ, մոտեցումներ ու մշակույթ է բերել բանկային համակարգ: Թերևս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ բանկային համակարգում «Ակբա բանկ»-ն իր ուրույն տեղն ունի ու շատ հարցերով տարբերվում է մյուս բանկերից: Առաջին հերթին դա Ստեփանի նոր մոտեցումների արդյունքն է»,-ասաց բանկի ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու բարեկամության ամրապնդմանը:
Դրա շահառուներն են լինելու վաղվա սոցիալապես ակտիվ այն երիտասարդները, որոնք կերտելու են հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան՝ ստեղծելով նոր արժեքներ: Ամեն տարի հոգաբարձումների խորհուրդը կքննարկի առաջարկված ծրագրերը և դրանցից կընտրի նրանք, որոնք կհամապատասխանեն հիմնադրամի նպատակներին: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկին, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի առաջացման պահից մինչեւ իրականացումն աջակցել է մեզ»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:

Ստեփան Գիշյանը 1995-2000 թվականներին եղել է վարչության նախագահը, իսկ 2006 թվականից` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻ գլխավոր տնօրենը, 2003-2014թթ. –ին` «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության գլխավոր տնօրենը: «ԱԳԲԱ Լիզինգ»–ը Հայաստանում գրանցված առաջին լիզինգային կազմակերպությունն է։ Գիշյանը տարբեր տարիներին ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը։

Մահացել է 49 տարեկանում, 2014 թվականի մարտի 22-ին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև