ԲՐԻԿՍ երկրների Կենտրոնական բանկերը կքննարկեն Զարգացման նոր բանկի նախագծերում Հունաստանի մասնակցության հարցը

17.06.2015 15:08
ԲՐԻԿՍ երկրների Կենտրոնական բանկերը կքննարկեն Զարգացման նոր բանկի նախագծերում Հունաստանի մասնակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ԲՐԻԿՍ երկրների կենտրոնական բանկերը շահագրգռված են, որ Զարգացման նոր բանկի նախագծերում մշակվի նաև  Հունաստանի մասնակցության հարցը, ՌԻԱ Նովոստիին է ասել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նոր կառույցի գործունեության նկատմամբ։ Դրանք հիմնականում Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն են։ Ես անձամբ կոնկրետ դիմումներ և հայտեր չեմ տեսել, բայց չեմ կարող 100 տոկոսով երաշխավորել, որ դրանք անմիջապես չեն ստացել մեր պրոֆիլային կառույցները, որոնք դրանով զբաղվում են»,– ասել է նա։

Ռյաբկովը նշել է, որ «Հունաստանի հարցի շուրջ խորհրդատվություններն այն մասին, թե բանկի ստեղծած հնարավոր պաշարները ինչպես կարող են օգտագործվել հունական մասնակցությամբ նախագծերում, ինչպես հասկանում եմ, դեռ չեն սկսվել, սակայն կա ԲՐԻԿՍ երկրների կենտրոնական բանկերի և ֆինանսական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների հետաքրքրություն` այդ թեման ավելի խորը մշակելու համար», հաղորդում է Փրայմը։

ԲՐԻԿՍ զարգացման բանկի մասնակից դառնալու առաջարկը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մայիսի սկզբին ստացել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակից, որը բանկում ՌԴ ներկայացուցիչն է։ Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ Հունաստանի` ԲՐԻԿՍ զարգացման բանկում ընդգրկվելու հարցը չի քննարկվի մինչև հուլիսին Ուֆայում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի մեկնարկը։

ԲՐԻԿՍ բանկ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.–ի հունիսին Ֆորտալեզեում։ Բանկը ծրագրում է դառնալ զարգացման ամենախոշոր բազմակողմ ինստիտուտներից մեկը` ԲՐԻԿՍ պետություններում և զարգացող երկրներում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման համար։ ԲՐԻԿՍ–ը ոչ պաշտոնական միջազգային միջպետական միավորում է, որի կազմում ներառված են Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանն ու ՀԱՀ–ն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև