«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ

06.10.2016 16:03
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայաստանյան բանկերից առաջինը սկսել է իրականացնել խորոշագույն ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ:

Առէկսիմբանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի խոսքով, դա կարևոր նշանակություն ունի Հայաստանում վճարային համակարգի զարգացման գործում և հանդիսանում է ևս մի քայլ բանկի վճարային պրոդուկտների ընդլայնման ուղղությամբ:

«Քարտերի ընդունման կետերի քանակով JCB համակարգը առաջատար տեղ է զբաղեցնում Visa և MasterCard խոշորագույն վճարային համակարգերի շարքում: JCB քարտերը կարելի է օգտագործել ամենօրյա գնումների և գումարի կանխիկացման համար ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ` ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, հատկապես` դեպի Ասիա-խաղաղօվկյանոսյան երկրներ ճամփորդության ժամանակ, օրինակ` Ճապոնիա, Չինաստան, Թայլանդ և Հոնգ Կոնգ», - ասել է նա:

Խաչատրյանը վստահեցրել է, որ բանկի հաճախորդներն ըստ արժանվույն կգնահատեն վճարային համակարգի առաջարկած ծառայության բարձր մակարդակը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում քարտային բիզնեսի հիմնադիրն է` մինչ օրս մնալով տվյալ ոլորտում Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Բանկը հանդիսանում է միջազգային Visa, MasterCard և АrCa լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ: Visa համակարգի կողմից առաջինն է Հայաստանում հավաստագրվել համացանցում էքվայրինգ իրականացնելու համար: Բանկն առաջարկում է քարտային բիզնեսի բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։

JCB-ն առաջատար միջազգային վճարային համակարգերից մեկն է, որը հիմնադրվել է 1961թ-ին Ճապոնիայում: Ներկայումս աշխարհում գործում է ավելի քան 95,6 միլիոն JCB քարտապան և 31,1 միլիոնից ավելի JCB քարտեր ընդունող առևտրի և սպասարկման կետեր` աշխարհի 190 երկրներում: JCB քարտերով իրականացվող գործարքների տարեկան շրջանառությունը 2015թ-ին կազմել է 205,2 միլիարդ ԱՄՆ դոլար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև