02.03.2017 14:04
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերում համախառն ավանդները 2017 թ.–ի հունվարի վերջին կազմել են 2 373,2 մլրդ դրամ` ամսվա ընթացքում նվազելով 1,6 տոկոսով։ Այս մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։
Հաշվետու ժամանակահատվածում համախառն ավանդների նվազումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների դեպոզիտների կրճատմամբ։ Այսպես, ոչ ռեզիդենտների ավանդները հունվարին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 6,4 տոկոսով` մինչև 610 մլրդ դրամ։
ԿԲ–ի տվյալներով, ռեզիդենտների ավանդները հունվարի վերջին կազմել են 1 763,1 մլրդ դրամ (0,07 տոկոսի աճ)։
Ռեզիդենտների դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 699,2 մլրդ դրամ (0,08 տոկոսի աճ), իսկ արտարժույթով ավանդները` 1 063,9 մլրդ դրամ (0,07 տոկոսի աճ)։
Միաժամանակ, ռեզիդենտների ցպահանջ դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 11,5 տոկոսով` հասնելով 225,6 մլրդ դրամի, իսկ ժամկետային ավանդներն ավելացել են 6,7 տոկոսով` մինչև 473,6 մլրդ դրամ։
Արտարժույթով ցպահանջ ավանդները կազմել են 250,6 մլրդ դրամ (3,7 տոկոսի աճ), ժամկետային ավանդները` 813,3 մլրդ դրամ (0,9 տոկոսի անկում) ($1- 486.71 դրամ)։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: