Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալները կրճատվել են, բացառություն են Ռուսաստանից եկող տրանսֆերտները. թերթ

27.07.2012 14:38
Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալները կրճատվել են, բացառություն են Ռուսաստանից եկող տրանսֆերտները. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Տարեսկզբի հինգ ամիսներին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրանսֆերտների ծավալներն աճել են 44 մլն դոլարով կամ 9,2 տոկոսով, գրում է «Հայոց աշխարհ» թերթը: Հոդվածում նշվում է, որ առաջին հայացքից բարձր ցուցանիշը համեմատած զիջում է անցյալ տարվա միտումներին, երբ նույն ժամանակահատվածում տրանսֆերտների աճը գերազանցում էր 25 տոկոսը:

Թերթը գրում է, որ մասնավորապես նվազել են եվրագոտու երկրներից Հայաստան մտնող մասնավոր փոխանցումները, և եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բանկային համակարգի միջոցով Իսպանիայից ստացված տրանսֆերտային գումարները գերազանցում էին 3,2 միլիոնը, ապա այս տարի եղել են ընդամենը 2,6 մլն դոլար: Նվազել են նաև Ֆրանսիայից ստացվող տրանսֆերտային հոսքերը: Անցյալ տարվա 4,3 միլիոնի փոխարեն այս տարի ստացվել է 4,2 մլն դոլար: Մասնավոր տրանսֆերտների շուկայում առկա նման իրավիճակը պայմանավորված է Եվրոպայի երկրներում ստեղծված տնտեսական դրությամբ:

Սակայն, մասնավոր տրանսֆերտների կրճատումը չի սահմանափակվում միայն այս երկրներով և նման պատկեր է նկատվում նաև նախկին Խորհրդային Միության  մի շարք երկրների նկատմամբ, մասնավորապես՝ Ուկրաինայի և Ղազախստանի:
Ըստ թերթի տվյալների, օրինակ` Ուկրաինայից ստացված մասնավոր ոչ առևտրային փոխանցումները կրճատվել են 30 տոկոսով, և եթե անցյալ տարվա հինգ ամիսների ընթացքում դրանք կազմել են 9,4 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` ընդամենը 6,6 մլն դոլար: Պարբերականի համաձայն, մասնավոր տրանսֆերտների շուկայում Հայաստանի հիմնական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը` տրանսֆերտների ավելի քան 82 տոկոսը գտնվում է նրա մասնաբաժնում: 2012թ.-ի հինգ ամիսների ընթացքում ՌԴ-ից ստացվել է 427 մլն դոլարի տրանսֆերտային գումար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 50 միլիոնով: Այլ կերպ ասած, ավելի շատ, քան մասնավոր փոխանցումների ընդհանուր աճն է եղել` 44 մլն դոլար:

Միաժամանակ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին արտահոսքի ծավալների ակտիվացման հետևանքով մասնավոր տրանսֆերտային գումարների զուտ ներհոսքն ավելացել է ընդամենը 33 մլն դոլարով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 80 միլիոնի դիմաց: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև