«Արմենիան Քարդ» համակարգով տրանզակցիաների թիվն ու ծավալը տարեկան աճում է 10-15%-ով

02.08.2012 17:25
«Արմենիան Քարդ» համակարգով տրանզակցիաների թիվն ու ծավալը տարեկան աճում է 10-15%-ով

«ԱՌԿԱ» գործակալության բացառիկ հարցազրույցը «Արմենիան Քարդ» վճարային համակարգի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանի հետ

«ԱՌԿԱ». Պարոն Մխիթարյան, որքա՞ն է ավելացել պլաստիկ քարտերով գործարքների ծավալը 2011 թվականի ընթացքում 2010 թվականի համեմատ։ Որքա՞ն գործարք է իրականացվել հաշվետու ժամանակահատվածում։

Ի.Մխիթարյան. Պլաստիկ քարտերով իրականացրած գործարքների ծավալը 2010 թվականի համեմատ ArCa քարտի մասով աճել է 15 տոկոսով, իսկ միջազգային քարտերով` 42 տոկոսով։ 2011 թվականի ընթացքում ArCa քարտերով իրականացվել է 5960457 տրանզակցիա` ավելի քան 243.2 մլրդ դրամի չափով, իսկ միջազգային քարտերով` մոտ 299.4 մլրդ դրամի 5515770 տրանզակցիա։

Համեմատության համար ասեմ, որ 2010 թվականին ArCa քարտերով իրականացվել է շուրջ 211 մլրդ դրամի 5172969 տրանզակցիա, իսկ միջազգային քարտերով` մոտ 210.2 մլրդ դրամի 3716524 տրանզակցիա։
Ընդհանուր առմամբ, 2010 թվականի համեմատ ծավալներն աճել են։ Տրանզակցիաների թիվն ու ծավալները տարեկան աճում են մոտ 10-15 տոկոսով։

«ԱՌԿԱ». Որքա՞ն է 2011 թվականին համակարգի թողարկած պլաստիկ քարտերի թիվը, այսօր շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր թիվը և ակտիվ գործող քարտերի թիվը։

Ի.Մխիթարյան. 2011 թվականին թողարկվել է 315163 պլաստիկ քարտ։ Այսօր առավել ակտիվ քարտերի թիվը 836066 է։ Մեր համակարգի ակտիվ քարտերը նրանք են, որոնցով կարելի է տրանզակցիա իրականացնել։

Վերջին ամսվա ընթացքում 836066 ակտիվ գործող քարտերից տրանզակցիաներ են իրականացվել 590414–ով, ինչը կազմում է 71 տոկոս։

«ԱՌԿԱ». Որքա՞ն է մեկ պլաստիկ քարտին բաժին ընկած գործարքների թիվը 2011 թվականին նախորդ տարվ նույն ժամանակահատվածի համեմատ։ Որքա՞ն է մեկ գործարքի (բանկոմատների և POS-տերմինալների միջոցով) միջին գումարը և ո՞ր գործարքներն են գերակշռում։

Ի.Մխիթարյան. 2011 թվականին մեկ պլաստիկ քարտով գրանցվել է միջինը 47282 դրամ միջին ծավալի 17 գործարք։ Միաժամանակ կանխիկ տրանզակցիաների միջին ծավալը կազմել է 49983 դրամ, իսկ անկանխիկներինը` 35763 դրամ։

Հետաքրքիր է այն, որ տարեցտարի համակարգով տրանզակցիայի միջին ծավալի ցուցանիշները գործնականորեն չեն փոխվում` դրանք տատանվում են 47-49 հազար դրամի սահմաններում։

2010 թվականի նույն ժամանակահատվածում մեկ պլաստիկ քարտով իրականացվել է միջինը 16 տրանզակցիա` 47381 դրամի չափով։ Կանխիկ տրանզակցիաների միջին ծավալը կազմել էր 49229 դրամ, իսկ անկանխիկներինը` 37417 դրամ։

«ԱՌԿԱ». Որքա՞ն է «Արմենիան Քարդ» համակարգի ծառայությունների կետերի, բանկոմատների և POS-տերմինալների թիվը Հայաստանի տարածքում 2011 թվականի վերջի տվյալներով, և ինչպե՞ս է փոխվել այդ ցուցանիշը 2010 թվականի համեմատ։

Ի.Մխիթարյան. 2011 թվականի վերջի ցուցանիշներով «Արմենիան Քարդ» համակարգում գործել է 4148 սպասարկման կետ, որոնցում տեղադրված է եղել 4740 POS-տերմինալ։ Բանկոմատների թիվը 837 էր։ 2010 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմում էին 2958 սպասարկման կետ, 3740 POS-տերմինալ և 673 բանկոմատ։ Համապատասխանաբար տարվա ընթացքում սպասարկման կետերի թիվն աճել է 40 տոկոսով, POS-տերմինալներինը` 37 տոկոսով, իսկ բանկոմատներինը` 24 տոկոսով։

«ԱՌԿԱ». Որքա՞ն են անկանխիկ գործարքների ծավալներն ու բաժինը պլաստիկ քարտերով իրականացվող գործարքների ընդհանուր ծավալում։ Մշակվե՞լ են, արդյոք, կոնկրետ մեխանիզմներ և իրականացվո՞ւմ են, արդյոք, կոնկրետ միջոցառումներ Հայաստանում քարտերով անկանխիկ շրջանառության խթանման ուղղությամբ։

Ի.Մխիթարյան. Անկանխիկ գործարքների ծավալը կազմում է մոտ 6.5 մլրդ դրամ կամ պլաստիկ քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ընդհանուր թվի 12.72 տոկոսը։ Այդ ցուցանիշը տատանվում է 12-13 տոկոսի սահմաններում։ Սա վատ ցուցանիշ չէ, սակայն տվյալ ցուցանիշի աճը շահեկան կլինի բոլորի համար, այդ թվում` պետության, քանի որ անկանխիկ շրջանառությունը մաքուր, «սպիտակ» շրջանառություն է։

Այդ ուղղությամբ մենք վերջին երկու–երեք տարիներին ամենամյա ակցիաներ ենք անցկացնում MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համագործակցությամբ։ Բանկերն իրենք նույնպես ամենամյա ակցիաներ են անցկացնում, և սկզբունքորեն այդ աշխատանքը պետք է տարվի ամենօրյա կտրվածքում։ Բանկերը պետք է աշխատեն հաճախորդի հետ։

Այդ տեսանկյունից մենք մտադիր ենք նմանատիպ տեղեկատվական բնույթի ակցիաներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն քարտատերերի իրազեկվածության բարձրացմանը պլաստիկ քարտի ունեցած հնարավորությունների վերաբերյալ։ Կան որոշակի գաղափարներ, տարեվերջին մենք կսկսենք դրանց իրագործումը։

«ԱՌԿԱ». Այսօր Հայաստանում որքա՞ն է աշխատավարձերի համար նախատեսված քարտերի թիվը, որքա՞ն է դրանց մասնաբաժինը թողարկված պլաստիկ քարտերի ընդհանուր ծավալում, և ի՞նչ հաճախականությամբ են գործարքներ իրականացվում դրանցով։

Ի.Մխիթարյան. «Արմենիան Քարդ» համակարգում պլաստիկ քարտերի հատուկ տարբերակում չի կատարվում։ Մեզ հաճախ հարցնում են աշխատավարձային քարտերի արդյունավետության մասին։ Իմ կարծիքով, քարտը մարդուն բանկային համակարգում ներառելու գործիք է։ Եթե մարդը բանկային հաշիվ ունի, որով որոշ տրանզակցիաներ են իրականացվում, ապա աստիճանաբար պատմություն է ձևավորվում։

«Աշխատավարձային քարտ» տերմինը Ռուսաստանում հայտնվել է 90–ականների սկզբին հենց այդ նպատակով։ Մարդիկ չգիտեին, թե ինչ է նշանակում բանկային հաշիվ ունենալ, տրանզակցիաներ կատարել այդ հաշիվներով, և աշխատավարձային նախագծերը դարձան բանկերում լայն զանգվածների ներգրավման մի ձև։ Այդ տեսանկյունից աշխատավարձային նախագծերը դրական եմ համարում։

Մյուս կողմից, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ աշխատավարձային քարտերով տրանզակցիաները սահմանափակվում են միայն աշխատավարձի կանխիկացմամբ։ Այդ հարցում նույնպես քարտատերերի հետ աշխատանքի դաշտ կա տեղեկացվածության բարձրացման առումով։

«ԱՌԿԱ». Իսկ ի՞նչ մակարդակում է «Արմենիան Քարդ»–ի փոխգործակցությունը միջազգային վճարային համակարգերի հետ, և որո՞նք են այդ համագործակցության ընդլայնման ծրագրերը։

Ի.Մխիթարյան. «Արմենիան Քարդը» այն սակավաթիվ պրոցեսինգային կենտրոններից է, որն այսօր պրոցեսավորում է արդեն չորս վճարային համակարգեր` MasterCard, Visa International, American Express և բոլորովին վերջին ժամանակներում` Diners Club։ Մենք նաև ազգային վճարային համակարգի պրոցեսինգ ենք հանդիսանում։
Այս տեսանկյունից մենք բացառիկ կառույց ենք և միշտ շփման մեջ ենք միջազգային վճարային համակարգերի հետ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պահանջները, ժամանակ առ ժամանակ, այդ թվում` պրոցեսինգային կենտրոնի օժանդակության տեսանկյունից պարտադիր նոր պրոդուկտներ և ծառայություններ են հայտնվում։ Այդ առումով մենք մշտապես շփում ունենք դրանց հետ։

MasterCard վճարային համակարգի («Արմենիան Քարդը» այդ համակարգի անդամ է) հետ հարաբերությունների առանձնահատկությունից ելնելով` ամեն տարի համատեղ զանազան մարքեթինգային ակցիաներ են անցկացվում, որոնք խթանում են անկանխիկ տրանզակցիաները։

«ԱՌԿԱ». Տրանզակցիաների ինչպիսի՞ ցուցանիշներ կան Web–միջավայրում։ Ինչպե՞ս է լուծվում Հայաստանում Ինտերնետ–խարդախությունների հարցը։

Ի.Մխիթարյան. Մեր համակարգի սահմաններում վիրտուալ միջավայրի ամենաբարձր ցուցանիշը` շուրջ 80 հազար, գրանցվել է 2011 թվականի դեկտեմբերին, այդ պահի համար դա ռեկորդ էր: Իսկ արդեն ընթացիկ տարվա մարտի տվյալներով, Web-տրանզակցիաների թիվը կազմել է 84201, իսկ դրանց ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է քանակային տեսանկյունից 84 տոկոսով, և ծավալով` 83.5 տոկոսով: Web-տրանզակցիաների ծավալը կազմում է անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալի 12.3 տոկոսը:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Հայաստանում սպասարկման վիրտուալ կետերի (ինտերնետ խանութների) հարաբերականորեն փոքր տարածվածությունից ելնելով` դիտարկենք մեր համակարգի կողմից գլոբալ ինտերնետ միջավայրում թողարկած քարտերով խարդախությունները: Ես միշտ խորհուրդ եմ տալիս չընկնել նախապես խարդախ հնարքների ծուղակը, քարտի համարի և դրա հետ կապված այլ տվյալների հարցմամբ, կամ բանկում տվյալների բազայի թարմացման համար PIN-կոդի հարցմամբ նամակի օրինակով: Պետք չի նաև թողնել քարտը որտեղ պատահի, վճարում չիրականացնել մեծ մնացորդով պրեմիում քարտերով կրպակներում և ոչ մեծ խանութներում և այլն:

Երկրորդ, միշտ պետք է հետևել այն կայքերի պաշտպանվածությանը, որոնց միջոցով իրականացվում են ինտերնետ-վճարումներ (https://), վճարումներ չկատարել անծանոթ կայքերից և այլն: Պետք է զգույշ լինել, քանի որ խարդախի առաջին բարեկամը քարտատիրոջ անուշադրությունն ու անզգուշությունն է:

Իհարկե, ես չեմ տեղափոխում ողջ պատասխանատվությունը քարտատերերի վրա, մենք, անկասկած, նույնպես աշխատում ենք մեր ծառայությունների անվտանգության բարձրացման ուղղությամբ, այդ թվում` վիրտուալ միջավայրում: Մեր ներդրած ծրագրային ապահովման մեջ կգործարկվի 3D-Secure տեխնոլոգիա, որն ինտերնետ-վճարումների անվտանգությունը նոր մակարդակի կհանի:

«ԱՌԿԱ». Որո՞նք են «Արմենիան Քարդ»-ի առջև դրված հիմնական ծրագրերն ու խնդիրները 2012 թվականին: Կա՞ն, արդյոք, նոր նախագծեր, որոնք պետք է իրագործվեն ընթացիկ տարում:

Ի.Մխիթարյան. Կարևորագույն նախագիծն «Արմենիան Քարդի» անցումն է նոր համակարգի: Ավելի քան 1 մլն դոլարի ներդրումները և այսօր իրականացվող աշխատանքներն ուղղված են ամբողջովին նոր համակարգի անցնելուն: Դրա ներդրումից հետո քարտատերերը և բանկերը ծառայության բոլորովին այլ որակական մակարդակ կունենան: Դա կիրագործվի, մեր կանխատեսումներով, ընթացիկ տարվա աշնան սկզբին:

Տվյալ ծրագրային ապահովումը տեղադրվել է 11 տարի առաջ, հետևաբար, այն բարոյապես և տեխնոլոգիապես հնացել է և չի համապատասխանում բանկային բիզնեսի արդյունավետ զարգացման ժամանակակից պահանջներին: Ելնելով դրանից` «Արմենիան Քարդը» որոշում է կայացրել ծրագրային ապահովման փոփոխության մասին «Արմենիան Քարդ» համակարգի կառուցվածքային առանձնահատկություններին և ժամանակակից բիզնես-պահանջներին համապատասխան:

Նոր ծրագրային ապահովումը թույլ կտա բանկերի հետ հարաբերությունների նոր մակարդակ ունենալ, ներդնել տվյալների բազաների ավելի արդյունավետ կառավարման համակարգ, ինչպես նաև տարբեր համակարգերի, այդ թվում` ինտերնետ-միջավայրի համակարգերի շահագործման լայն հարթակ կտրամադրի:

«ԱՌԿԱ». Որո՞նք են ընթացիկ տարվա առաջին եռամսյակի գործունեության ցուցանիշները և դրանց դինամիկան:

Ի.Մխիթարյան. «Արմենիան Քարդ» հայկական վճարային համակարգը 2012 թվականի առաջին եռամսյակում թողարկել է 92148 պլաստիկ քարտ, ինչը 30.2 տոկոսով ավելի է, քան 2011 թվականի առաջին եռամսյակում: Միաժամանակ, այդ ժամանակահատվածում թողարկվել է 43678 ArCa քարտ` 2011 թվականի հունվար-մարտի 25825 քարտի դիմաց, 28658 Visa քարտ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19548 քարտի դիմաց, ինչպես նաև 19812  MasterCard քարտեր, ինչը 2011 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից պակաս է 21.9 տոկոսով:

Բացի այդ, 2012 թվականի առաջին եռամսյակում «Արմենիան Քարդ» համակարգով թողարկված քարտերով իրականացվել է մոտ 126.4 մլրդ դրամ ընդհանուր գումարի 2.902.176 տրանզակցիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշների աճը կազմել է, համապատասխանաբար, 36.8 տոկոս և 32.8 տոկոս:

Նշեմ նաև, որ 2012 թվականի հունվար-մարտին քարտերով իրականացված կանխիկ տրանզակցիաները կազմել են 2474922 (2011 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճը 33,3%): Կանխիկ տրանզակցիաների ընդհանուր գումարը կազմել է մոտ 117.8 մլրդ դրամ (աճը` 29.6%): Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 15.5 մլրդ դրամի 546373 անկանխիկ տրանզակցիա (աճը` 57.1%): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև