NASDAQ OMX Արմենիայում «Բաց դռների օր» կկազմակերպվի

22.10.2013 17:46
NASDAQ OMX Արմենիայում «Բաց դռների օր» կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան հոկտեմբերի 25-ին առաջին անգամ կանցկացնեն «Բաց դռների օր», «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բորսայի մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են կապիտալի շուկայով։

««Բաց դռների օրը» նպատակ ունի նպաստելու կապիտալի շուկայի և Հայաստանի ֆինանսական համակարգում իր դերի մասին հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռվի այցելելու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա գրասենյակ, ծանոթանալու ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի պատմությանը և գործունեությանը, ՀՀ կապիտալի շուկայի ներկա և ապագա զարգացումներին, ինչպես նաև մասնակցել քննարկմանը՝ հարցուպատասխանի ձևով, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ղեկավարների հետ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,51 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև