ՀՀ առևտրային բանկերը երրորդ եռամսյակում 29,6 մլրդ դրամի չափով հարկ են վճարել պետբյուջե

28.10.2013 14:10
ՀՀ առևտրային բանկերը երրորդ եռամսյակում 29,6 մլրդ դրամի չափով հարկ են վճարել պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2013թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով ընդգրկվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք ընդհանուր առմամբ շուրջ 29,6 մլրդ դրամ են վճարել պետբյուջե, տեղեկացվում է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

ՊԵԿ–ի տվյալների համաձայն, բանկերի կողմից բոլոր վճարած հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքած հարկերի ցուցանիշը կազմել է ավելի քան 29,4 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների` շուրջ 150,4 մլն դրամ։

Միաժամանակ ավելի քան 27,5 մլրդ դրամ են կազմել ուղիղ հարկերը (շահութահարկը, եկամտահարկը), ոչ ուղիղ հարկերին բաժին է հասել շուրջ 1,5 մլրդ դրամ (այդ թվում ԱԱՀ–ն, ակցիզային հարկը), ևս 522,2 մլն դրամ` դրանք այլ հարկեր են, տուրքեր և պարտադիր վճարումներ։

Միաժամանակ բանկերին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 6,1 տոկոսը։

Բանկերի շրջանում առաջատարների հնգյակում են HSBC Հայաստան Բանկը (շուրջ 3,6 մլրդ դրամ`17–րդ տեղ), ՎՏԲ–Հայաստան Բանկը (շուրջ 3,6 մլրդ դրամ`18–րդ տեղ), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (3 մլրդ դրամ` 22–րդ տեղ), Արդշինինվեստբանկը (ավելի քան 2,7 մլրդ դրամ` 28–րդ տեղ), ինչպես նաև Ամերիաբանկը (շուրջ 2,46 մլրդ դրամ` 35–րդ տեղ)։

Առաջին հարյուր խոշորագույն հարկատուների շրջանում են Յունիբանկը (շուրջ 2,24 մլրդ դրամ` 38–րդ տեղ), Արարատբանկը (շուրջ 1,7 մլրդ դրամ` 44–րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 1,56 մլրդ դրամ` 48–րդ տեղ), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբը (շուրջ 1,3 մլրդ դրամ` 56–րդ տեղ), Հայբիզնեսբանկը (շուրջ 1,2 մլրդ դրամ` 62–րդ տեղ) և Կոնվերսբանկը (շուրջ 1,1 մլրդ դրամ` 75–րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2013թ.–ի երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 479,9 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 394,9 մլրդ դրամի դիմաց  ($1 – 405,84 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև