ՀՀ առևտրային բանկերը 2013 թվականին 37,7 մլրդ դրամ հարկ են վճարել պետբյուջե

30.01.2014 13:43
ՀՀ առևտրային բանկերը 2013 թվականին 37,7 մլրդ դրամ հարկ են վճարել պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում ընդգրկվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք 2013 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 37,7 մլրդ դրամ են վճարել պետբյուջե, տեղեկացվում է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

ՊԵԿ–ի տվյալների համաձայն, բանկերի կողմից բոլոր վճարած հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքած հարկերի ցուցանիշը կազմել է ավելի քան 37,5 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների` շուրջ 170,5 մլն դրամ։

Միաժամանակ շուրջ 35 մլրդ դրամ են կազմել ուղիղ հարկերը (շահութահարկը, եկամտահարկը), ոչ ուղիղ հարկերին բաժին է հասել շուրջ 2 մլրդ դրամ (այդ թվում ԱԱՀ–ն, ակցիզային հարկը), ևս 569,6 մլն դրամ են կազմել հարկերը, տուրքերը և պարտադիր վճարումները։

Միաժամանակ բանկերին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 5,6 տոկոսը։

Բանկերի շրջանում առաջատարների հնգյակում են ՎՏԲ–Հայաստան Բանկը (շուրջ 4,7 մլրդ դրամ`19–րդ տեղ), HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 4,3 մլրդ դրամ`21–րդ տեղ), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (3 մլրդ դրամ` 22–րդ տեղ), Արդշինինվեստբանկը (շուրջ 3,9 մլրդ դրամ` 25–րդ տեղ), ինչպես նաև Արդշինինվեստբանկը (շուրջ 3 մլրդ դրամ` 38–րդ տեղ)։

Առաջին հարյուր խոշորագույն հարկատուներից են Յունիբանկը (շուրջ 2,9 մլրդ դրամ` 40–րդ տեղ), Արարատբանկը (շուրջ 2,1  մլրդ դրամ` 47–րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 2 մլրդ դրամ` 49–րդ տեղ), Հայբիզնեսբանկը (շուրջ 1,67 մլրդ դրամ` 60–րդ տեղ), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբը (շուրջ 1,65 մլրդ դրամ` 63–րդ տեղ) և Կոնվերսբանկը (շուրջ 1,4 մլրդ դրամ` 78–րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2013թ.–ին պետբյուջե են վճարել ավելի քան 665 մլրդ դրամ` անցյալ տարվա 558,5 մլրդ դրամի դիմաց  ($1 –ը` 409,03 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև