Արդշինինվեստբանկը ներկայացնում է Հայաստանում անհատական դիզայնով առաջին բանկային քարտը

09.06.2014 14:32
Արդշինինվեստբանկը ներկայացնում է Հայաստանում անհատական դիզայնով առաջին բանկային քարտը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը ներկայացնում է ՀՀ բանկային շուկայում նախադեպը չունեցող բանկային վճարային քարտ` Visa Individual, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Visa Individual քարտի դիմային մասը կարող է ամբողջովին ձևավորված լինել քարտապանի նախընտրությամբ` դարձնելով այն ինքնատիպ և անկրկնելի: Սա մեր յուրաքանչյուր հաճախորդին հնարավորություն կտա ընդգծելու իր անհատականությունը և ինքնուրույն ստեղծելու իր տրամադրությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսուհետ Արդշինինվեստբանկի հաճախորդները հնարավորություն ունեն տեղադրելու կյանքի հիշվող և անմոռանալի պահերի, սիրելի և հարազատ մարդկանց լուսանկարն իրենց իսկ բանկային քարտի վրա:

Ինչպես նշել է բանկ մանրածախ բիզնեսի տնօրենի քարտային բիզնեսի գծով տեղակալ Ա. Գասպարյանը, բանկի պաշտոնական կայքում ինտեգրված համակարգը հնարավորություն կտա հաճախորդներին ինտերնետային ցանցի միջոցով տնային պայմաններում ներբեռնել իրենց նախընտրած լուսանկարը կամ համակարգում տեղադրված պատկերների հարուստ արխիվից ընտրել իրենց կողմից առավել հավանածը Visa Individual քարտի դիմային մասին պատկերելու համար:

«Արդշինինվեստբանկը հանդիսանում է առաջատարներից մեկը բանկային քարտերի շուկայում: Ունենալով ավելի քան 180.000 քարտապան մեր նպատակն է մատուցել բարձրորակ ծառայություններ մեր բոլոր քարտապաններին` ամրապնդելով վստահելի գործընկերոջ համբավը: Visa Individual քարտի միջոցով բավարարվում է յուրաքանչյուր հաճախորդի առանձնանալու, իր անհատականությունն ընդգծելու ցանկությունը», – ասել է նա։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ—ից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է (N 83) ստացել 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում, վեց մասնաճյուղ ԼՂՀ–ում և ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1,5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 1,5 անգամ, բանկի վարկային պորտֆելը կազմել է 171,7 մլրդ դրամ` 2013 թ.–ի վերջի համեմատ նվազելով 3 տոկոսով կամ 5,4 մլրդ դրամով, մարտի 31–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 277,5 մլրդ դրամ` 2013 թ.–ի վերջի համեմատ ավելանալով 3 տոկոսով կամ 8,1 մլրդ դրամով, իսկ բանկի կապիտալը կազմել է 44,7 մլրդ դրամ (12 տոկոսի աճ)։ ($1 – 413,08 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև