PIMCO-ն կրճատել է ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերի մասնաբաժինը

12.08.2014 16:47
PIMCO-ն կրճատել է ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերի մասնաբաժինը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Pacific Investment Management-ի (PIMCO) ղեկավար Բիլ Գրոսը հուլիսին նվազեցրել է գանձապետական պարտատոմսերի և ամերիկյան այլ պետական արժեթղթերի մասնաբաժինը հիմնադրամի պորտֆելում։ Պատճառը հաջորդ տարի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքների ավելի արագ բարձրացման կանխատեսումն է` ԱՄՆ-ի տնտեսության բարելավման դեպքում:

Ըստ հիմնադրամի տվյալների՝ պետական պարտատոմսերի և դրանց կից արժեթղթերի մասնաբաժինը PIMCO-ի ակտիվում հուլիսին նվազել է՝ 47 տոկոսից դառնալով 45 տոկոս: PIMCO Total Return Fund-ը ֆոնդային շուկայի խոշորագույն հիմնադրամներից է, որի ծավալը կազմում է ավելի քան 223 մլրդ դոլար, հաղորդում է vestifinance.ru-ն:

Մայիսին ցուցանիշը կազմել է 50 տոկոս, ինչը 2010 թ.-ից հետո գրանցված ամենաբարձր մակարդակն էր, երբ արժեթղթերի մասնաբաժինը PIMCO-ի պորտֆելում հասավ առավելագույն 54 տոկոսի:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Գրոսը դեռ մայիսին սեփական գումարից մոտ 60 մլն դոլար փոխանցել է պարտատոմսերի հիմնադրամներ, միաժամանակ նշվում է, որ ավելի վաղ նա արդեն ներդրել էր ևս 140 մլն դոլար:

Ներդրումների գաղափարը պարզ է՝ տոկոսադրույքները ցածր են մնում, իսկ դա նշանակում է, որ պարտատոմսերի արժեքն աճում է:

Ավելի վաղ PIMCO-ն հրապարակել էր առաջիկա մի քանի տարվա սեփական կանխատեսումը, որտեղ աշխարհում ապագա իրավիճակը գնահատվում է որպես դանդաղ տնտեսական աճի և ցածր տոկոսադրույքների շրջան:

Օրեր առաջ PIMCO-ի փորձագետները հրապարակել էին տոկոսադրույքների բարձրացման մասին ԴՊՀ-ի որոշման վերաբերյալ ևս մի կանխատեսում: Դաշնային պահուստային համակարգը կարող է բարձրացնել տոկոսադրույքները մոտավորապես մեկ տարի հետո՝ հաշվի առնելով հուլիսին գանձապետական պարտատոմսերի արժեքի նվազումը, կարծում է Pacific Investment Management-ի գլխավոր տնտեսագետ Փոլ Մաքալին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև