18.12.2014 21:42
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկը միացել է Unistream դրամական փոխանցումների միջազգային համակարգին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«Անելիք բանկը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ: Այդ ոլորտում մեր գործընկերների շարքը համալրել է Unistream փոխանցումների համակարգը, օգտվելով որից, մեր հաճախորդները առանց հաշվի բացման հաշված րոպեների ընթացքում կարող են կատարել իրենց փոխանցումներն ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով կամ եվրոյով` սկսած ընդամենը 0,5% միջնորդավճարից»,– նշվում է հաղորդագրությունում։
Ինչպես հայտնեց բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ասղտիկ Մարտիրոսյանը, Unistream համակարգը բավական հարմար է թե’ սակագնային սանդղակի առումով, թե’ փոխանցումների աշխարհագրական ընդգրկմամբ։
«Օգտվելով այս համակարգից, մեր հաճախորդները հնարավորություն կստանան փոխանցումներ իրականացնել մոտ 100 երկրներում տեղակայված ավելի քան 300 հազար սպասարկման կետերի միջոցով»,– ասաց նա։
Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները կմասնակցեն նվերների խաղարկությանը։
Ըստ նրա, հաճախորդները հնարավորություն կստանան շահել խաղարկվող 13 նվերներից մեկը` Galaxi Tab պլանշետ, Samsung սմարթ հեռախոսներ և ինտերնետ ծառայության 3, 6 կամ 12 ամսվա անվճար բաժանորդագրություն։
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։
Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: