McDonald’s–ի բաժնետոմսերի գինը բարձրացել է ընկերության նախագահի փոփոխության լուրից հետո

29.01.2015 15:04
McDonald’s–ի բաժնետոմսերի գինը բարձրացել է ընկերության նախագահի փոփոխության լուրից հետո

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. McDonald’s ամերիկյան կորպորացիայի նախագահի աթոռն այս տարվա մարտին կզբաղեցնի Սթիվեն Իսթերբրուկը, հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսթերբրուկը  «ուժեղ և փորձառու ղեկավար է և հաջողությամբ ղեկավարել է Եվրոպայում գտնվող  ենթակառուցվածքները»։ Ակնկալվում է, որ նա «կկարողանա բարելավել ֆինանսական ցուցանիշներն ու McDonald’s–ի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել»։ Այս պահին Իսթերբրուկը գլխավոր գործադիր տնօրենի տեղակալն է, ինչպես նաև` գովազդի բաժնի ղեկավարը։

McDonald’s –ի ներկայիս նախագահ Դոն Թոմսոնը պաշտոնը կլքի ընթացիկ տարվա մարտի 1-ից։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է շուրջ 2.5 տարի։ Թոմսոնն ընդհանուր առմամբ այս ընկերությունում է աշխատում շուրջ 25 տարի։

Որպես այս ամենի արձագանք` աճել է McDonald’s–ի բաժնետոմսերի գինը։ Նրանց արժեքը էլեկտրոնային աճուրդներում ավելացել է շուրջ 3 տոկոսով և հասել 91.50 դոլարի։ Վերջին տարվա ընթացքում արժեթղթերի գինը նվազել էր 2.25 տոկոսով։

Վերջին ամիսներին McDonald’s–ում փոքր–ինչ նվազել է վաճառքի ծավալը։ Մասնավորապես 2014 թվականի նոյեմբերին նվազումը կազմել է 4.6 տոկոս։ Ինչպես նշում են վերլուծաբանները, ընկերության անհաջողության պատճառներից մեկն այն է, որ մարդկանց շատ ավելի ստվար զանգվածն է սկսել առողջ սնունդ օգտագործել։

«Կարծում եմ` տրամաբանական է, որ ընտրել են նրան, ով ընկերության ապրանքանիշի պատասխանատվությունն է կրում,– ասել է Bahl & Gaynor Investment Counsel ընկերության մենեջեր  Քրիստոֆեր Ռոուվենը։– McDonald’s–ը հենց այդ հարցում բացթողում ունի։ Ընկերությունը պետք է այնպես ներկայացնի իր ապրանքանիշը, որ վաճառքի ծավալներն ավելանան»։

«Չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում, մեծ անակնկալ էր,– ասել է Sanford Bernstein ընկերության վերլուծաբան Սառա Սենատորին։– Շատերն էին սպասում, որ այսպես կլինի, պարզապես հայտնի չէր, թե հատկապես երբ տեղի կունենա»։

ԱՄՆ–ում շուրջ 14 հազար McDonald’s է գործում։ McDonald’s ապրանքանիշով ավելի քան 36 հազար հաստատություն է գործում աշխարհի 100 երկրում։ Օրական սպասարկում են 70 միլիոն հաճախորդի։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև