Ադրբեջանն արժեզրկում է կատարել

24.02.2015 12:10
Ադրբեջանն արժեզրկում է կատարել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրներից ևս մեկն իր արժույթի արժեզրկում կատարեց։ Այս անգամ աչքի ընկավ Ադրբեջանը։  Փետրվարի 21-ին մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ ԿԲ-ն հաստատեց 1,05 մանաթ $1 համար` փետրվարի 20-ի 0,7862 մանաթ $1 համար փոխարժեքի փոխարեն։ Այդպիսով` արժեզրկումը կազմեց 35%, հաղորդում է vestifinance.ru-ն։

«Տվյալ որոշումն ընդունվել է Ադրբեջանի տնտեսության դիվարսիֆիկացման, միջազգային մրցունակության և արտահանման բարձրացման, վճարային կայուն հաշվեկշռի ապահովման նպատակով»,- ասված է Ադրբեջանի ԿԲ հայտարարությունում։

Եվրոպական միասնական արժույթի նկատմամբ ևս մանաթն էժանացել է։ Փետրվարի 21-ին պաշտոնական փոխարժեքը սահմանված է 1,1950 մանաթ եվրոպական միասնական արժույթի մեկ միավորի նկատմամբ։ Փետրվարի 20-ին փոխարժեքը կազմում էր 0,8934 մանաթ մեկ եվրոյի համար։

Ռուբլու նկատմամբ փոխարժեքը սահմանված է 0,0170 մանաթ մեկ ռուբլու համար` փետրվարի 20-ի 0,0127 մանաթ մեկ ռուբլու համար փոխարժեքի փոխարեն։

Հարկ է նշել, որ մանաթի արժեզրկումը սկզբունքորեն սպասելի էր, քանի որ ԿԲ ներկայացուցիչներն արդեն հայտարարել էին փոխարժեքի ավելի ճկուն համակարգի անցնելու մասին։ Միաժամանակ ԿԲ նախագահ Էլման Ռուստամովը պնդում էր, որ մանաթի ցանկացած թուլացում մեղմ կլինի։

Բացի այդ, Ռուստամովը հայտարարել էր, որ հիմնարար պատճառներ չի տեսնում իրենց արժույթի երկարատև թուլացման համար։ Փաստացիորեն, դա հերթապահ արտահայտություն է, որը բոլոր երկրների դրամային իշխանության ներկայացուցիչներն արտասանում են արժույթի թուլացման ժամանակ։ Այն բացարձակ որևէ տեղեկություն չի տալիս, թե որքանով ուժեղ կարող է լինել արժեզրկումը և երբ կավարտվի։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեաջնի ԿԲ-ն փետրվարի 16-ից անցել է երկարժույթ զամբյուղի մանաթի փոխարժեքի որոշման ժամանակ։ Այլ կեպ ասած` ԿԲ-ն հրաժարվել էր դոլարից իր արժույթի կապվածությունից և անցել զամբյուղի, որտեղ եվրոյի մասնաբաժինը կազմում է 30%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև