Մետաղի շուկա. ոսկին և պղինձը հայտնվել են Չինաստանի և եվրագոտու բացասական վիճակագրության ֆոնի հետևանքով առաջացած ճնշման տակ

12.03.2012 16:19
Մետաղի շուկա. ոսկին և պղինձը հայտնվել են  Չինաստանի և եվրագոտու բացասական վիճակագրության ֆոնի հետևանքով առաջացած ճնշման տակ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային շաբաթվա սկզբին ոսկու գինը նվազեց՝ վերջին վեց շաբաթում գրանցելով նոր նվազագույն թիվ՝ 1663,40 ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց: Դա պայմանավորված էր Չինաստանից և եվրագոտուց ստացած նորություններով, ինչպես նաև Հունաստանի պարտքի դուրսգրման վերաբերյալ պահպանվող անորոշությամբ:

Չինաստանի կառավարությունը ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսումը 8 տոկոսից հասցրեց 7,5 տոկոսի: Փետրվարին գործնական ակտիվության ցուցիչի անմխիթար տնտեսական վիճակագրությունը և եվրագոտու չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ն նույնպես լավատեսություն չավելացրեցին: Իրոք, փետրվարին գործնական ակտիվության ցուցանիշը կազմեց 49,3 կանխատեսված 49,7-ի փոխարեն, ինչը տնտեսության ակտիվության անկում էր նշանակում: Իսկ եվրագոտու ՀՆԱ-ի վերանայված տվյալները 2011թ.-ի չորրորդ եռամսյակում 0,3 տոկոսով նվազեցին նախորդ եռամսյակի համեմատ:

Ամեն դեպքում, շաբաթվա երկրորդ կեսին ոսկու շուկայի իրավիճակը լավ ընթացք ստացավ: Թանկարժեք մետաղը կարողացավ վերականգնել իր դիրքերը հունական պարտքի վերակազմավորման առումով առաջացած լավատեսությունից հետո: ԱՄՆ-ի  աշխատաշուկայի փետրվարյան տվյալները, որոնք հրապարակվեցին ուրբաթ՝ մարտի 9-ին, սկզբում ոսկու արժեքի կարճաժամկետ նվազման հանգեցրեցին: Սակայն ուրբաթ օրվա ավարտին ոսկու գինն աճեց:

Արդյունքում նախորդ շաբաթ ոսկու գինը գրեթե չփոխվեց, և կազմեց մեկ տրոյական ունցիայի դիմաց 1711,97 ԱՄՆ դոլար:

Առաջիկա շաբաթվա սկզբում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն Բրյուսելի ֆինանսների նախարարների պլանային նիստի արդյունքները, որի ընթացքում ենթադրվում է, որ որոշում կկայացվի միջազգային երկրորդ ծրագրի շրջանակներում Հունաստանին ֆինանսական օգնության առաջին տրանշը տրամադրելու մասին: Դրական որոշումը կարող է օգնել թանկարժեք մետաղի գնանշումների աճին: Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1763,0 ԱՄՆ դոլարը:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ-ի և եվրագոտու նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել սպառողական գների ցուցիչին և փետրվարի ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխմանը, ինչպես նաև հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ԱՄՆ ԴՊՀ հերթական նիստին: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել մարտի ընթացքում ZEW ինստիտուտից ստացած տվյալների հրապարակումը՝ Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչի վերաբերյալ, ինչպես նաև սպառողական գնաճի փետրվարյան տվյալները:

Այն դեպքում, եթե վերը նշված տնտեսական վիճակագրությունը, չնայած դրական կանխատեսումներին, բացասական լինի, և ԵՄ ֆինանսների նախարարներին չհաջողվի Հունաստանի օգնության վերաբերյալ որոշում ընդունել, ոսկին կարող է վերսկսել իր նվազումը: Առաջիկա հինգ առևտրային օրերին ոսկու համար աջակից կարող է հանդիսանալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1660,0 ԱՄՆ դոլար նիշը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 1,55 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,8430 ԱՄՆ դոլարի: Պատճառ հանդիսացավ նախորդ շաբաթվա սկզբին համաշխարհային ֆինանսական շուկաների ներդրողների տրամադրությունների վատացումը՝ Հունաստանի պարտքի դուրսգրման վերաբերյալ անորոշության, ինչպես նաև Չինաստանի տնտեսական աճի անբարենպաստ կանխատեսման ֆոնի ներքո:

Ամեն դեպքում, շաբաթվա վերջին պղնձի գինը մասամբ վերականգնեց իր կորուստները: Կարմիր մետաղի գնանշումներն ամենաէական աճը ցուցադրեցին ուրբաթ՝ մարտի 9-ին, փետրվարի ընթացքում աշխատաշուկայի վերաբերյալ ԱՄՆ-ից ստացած դրական նորություններից հետո:

Նախորդ շաբաթ կարմիր մետաղի համար լրացուցիչ աջակից գործոն դարձավ Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող բորսային պաշարը:

Փետրվարի ընթացքում ներկրման ծավալի վերաբերյալ Չինաստանից ստացած դրական տվյալները, որոնք հրապարակվեցին շաբաթ օրը՝ մարտի 10-ին,  հավանաբար կօգնեն պղնձի գնանշումներին: Փետրվարին այս ցուցանիշը տարեկան կտրվածքով մեծացել է 39,6 տոկոսով՝ կանխատեսված 31,8 տոկոսի դիմաց: Այն դեպքում, եթե կանխատեսումներն արդարանան, և ԱՄՆ-ից ու եվրագոտուց ստացած տնտեսական վիճակագրությունը չափավոր դրական գտնվի, պղնձի արժեքը կարող է հասնել մեկ ֆունտի դիմաց մինչև 4,00 ԱՄՆ դոլարի:

Իսկ եթե այդ երկու երկրներից ստացած մակրոտնտեսական վիճակագրությունը մխիթարական չլինի ու ԵՄ ֆինանսների նախարարներին չհաջողվի որոշում կայացնել Հունաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության առաջին տրանշի վերաբերյալ, պղնձի արժեքը կարող է հասնել 3,70 ԱՄՆ դոլարի՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան
Հեղինակի կարծիքն ու խմբագրության դիրքորոշումը կարող են չհամընկնել


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև