Մետաղի շուկա. ԱՄՆ հակասական տվյալների ֆոնին ոսկու և պղնձի գները տարբեր ուղղություններով էին փոխվում

05.08.2013 17:38
Մետաղի շուկա. ԱՄՆ հակասական տվյալների ֆոնին ոսկու և պղնձի գները տարբեր ուղղություններով էին փոխվում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու շուկայի առուվաճառքներն առանձնացան զգալի տատանումներով, քանի որ շաբաթը հագեցած էր կարևոր իրադարձություններով, որոնք կարող էին փոխել ներդրողների տրամադրությունները։ Ամերիկյան մակրոտնտեսական վիճակագրությունը հակասական է։ ԱՄՆ ՀՆԱ մակարդակի նախնական գնահատականն այս տարվա երկրորդ եռամսյակում գերազանցել է ներդրողների ակնկալիքները, իսկ ահա աշխատաշուկայի լուրերը ոչ միանշանակ էին` գործազրկության գործակիցը նվազել է մինչև 7.4 տոկոս, բայց նոր աշխատատեղերի թվի տվյալներն ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում հիասթափեցրել են շուկայի մասնակիցներին։

Դաշնային պահուստային համակարգի և Եվրոպայի կենտրոնական բանկի հերթական նիստերն անակնկալներ չմատուցեցին։ ԴՊՀ նիստի արդյունքներով, տոկոսադրույքների միջակայքն անփոփոխ է մնացել, իսկ արժեթղթերի գնման ծավալն ԱՄՆ բաց շուկայում դեռևս կշարունակի նախորդ ծավալներով, քանի որ, չնայած աշխատանքի շուկայի իրավիճակի բարելավմանը, գործազրկության մակարդակը դեռ բարձր է մնում։ ԵԿԲ–ն պահպանել է նաև իր դրամային քաղաքականությունը, իսկ դրա ղեկավար Մարիո Դրագին հասկացրել է, որ գերմեղմ դրամավարկային քաղաքականությունը կշարունակվի դեռ երկար ժամանակ։

Զգալի տատանումներից հետո ոսկու արժեքը նվազել է 1.48 տոկոսով` մինչև 1310.97 դոլար տրոյական մեկ ունցիայի դիմաց։

Առաջիկա շաբաթ ոսկու գնանշումները հավանաբար կփոփոխվեն ոչ մեծ միջակայքում։ ԱՄՆ տնտեսության քանակական մեղմացման շարունակությունը դրական ազդեցություն է գործում թանկարժեք մետաղների շուկաների և, մասնավորապես, ոսկու շուկայի վրա։ Սակայն մենք կարծում ենք, որ գնանշումների աճը սահմանափակ կլինի, քանի որ ներդրողները շարունակում են ուշադիր ուսումնասիրել ԱՄՆ–ից եկող մակրոտնտեսական վիճակագրությունը` հաշվի առնելով, որ աշխարհի խոշորագույն տնտեսության վերջին դրական փոփոխությունները կարող են մեկնարկ հանդիսանալ քանակական խթանման ծրագրի կրճատման համար։

Առաջիկա շաբաթ մի շարք լուրեր են ակնկալվում Չինաստանից, որոնք նույնպես կարող են ազդել ոսկու արժեքի վրա, քանի որ Չինաստանը ֆիզիկական մետաղի խոշորագույն սպառողներից ա։ Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում Չինաստանի տնտեսությունը որոշակիորեն դանդաղել է, այդ պատճառով ոսկու շուկայի մասնակիցները կարող են ուշադրություն դարձնել այդ երկրի մակրոտվյալներին։

Ակնկալվում է, որ ամերիկյան լուրերը զուսպ չափավոր կլինեն, եվրոպականները, հավանաբար, կհիասթափեցնեն ներդրողներին, իսկ չինական վիճակագրությունը կարող է հակասական պատկեր ունենալ, այդ պատճառով էլ ոսկու գնանշումները, հավանաբար, որոշակի ճնշում կունենան։ Այդ մետաղին առաջիկա շաբաթ կարող է օգնել 1272.0 դոլարի ցուցանիշը մեկ  տրոյական ունցիայի դիմաց։

Սակայն, եթե ԱՄՆ–ի մակրոտնտեսական վիճակագրությունը կրկին երկրի տնտեսության բարելավումների անկայունություն ցուցաբերի, իսկ եվրոպական ու չինական լուրերը լավատեսություն ներշնչեն ներդրողներին, ապա ոսկու արժեքը կրկին կարող է բարձրանալ։ Ոսկու համար առաջիկա շաբաթվա դիմադրության ցուցանիշ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1347 դոլարի արժեքը։

Պղնձի գնանշումները նախորդ շաբաթ սկսել են նվազմամբ նրանից հետո, երբ կիրակի չինական աուդիտորական վարչության հայտարարությունը երկրի պետական պարտքի ստուգման մասին ուժեղացրեց Չինաստանի տնտեսության աճի տեմպերի վերաբերյալ մտավախությունները։ Շանհայի ֆյուչերսային բորսայում տվյալ ակտիվի բորսայական պահուստի բարձրացումը նույնպես խոչընդոտում էր պղնձի գնանշումների աճին։ Կարմիր մետաղի պահեստային պաշարները Shanghai Futures Exchange–ում նախորդ շաբաթ աճել են 2007 տոննայով` մինչև 163571 տոննա։

Մինչև շաբաթվա կեսերը ներդրողների տրամադրությունները չէին փոխվել։ ԴՊՀ որոշումն ամերիկյան տնտեսության քանակական խթանման շարունակության մասին և աշխարհի խոշորագույն տնտեսության աճի տեմպերի տվյալները զարգացրին պղնձի շուկան։ Արդյունքում կարմիր մետաղի գինը ֆյուչերսայն շուկայում նախորդ շաբաթ բարձրացավ 2,34%–ով` մինչև 3,1645 ԱՄՆ դոլար մեկ ֆունտ պղնձի դիմաց` գործնականորեն ամբողջովին հետ բերելով գնի անկումը նախորդ շաբաթ։

Առաջիկա շաբաթ պղնձի գինը կարող է չափավոր աճ ունենալ, սակայն կայուն աճն առաջվա պես սահմանափակ է շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների կողմից կարճ բաց դիրքերի պատճառով։ Հումքային շուկաներում տիրող լավատեսությունը և, մասնավորապես, պղնձի շուկայի լավատեսությունը նրանից հետո, երբ պարզ դարձավ, որ արժեթղթերի առքի ծավալը բաց շուկայում մնում է անփոփոխ մակարդակի վրա, կարող է նպաստել տվյալ մետաղի գնի աճին։

Միաժամանակ Չինաստանից ստացված լուրերը, որոնք կհրապարակվեն ուրբաթ, կարող են ավելացնել շուկայում եղած տատանումները։ Արդյունաբերական արտադրության և մանրածախ առևտրի ծավալների ակնկալվող ավելացումը Չինաստանում հուլիսին, ինչպես նաև ներկրման աճը հուլիսին դրական կազդեն կարմի մետաղի գնանշումների վրա, քանի որ այդ երկրին բաժին է ընկնում երկրում արտադրվող պղնձի ավելի քան 40 տոկոսը։ Չինաստանի պատրաստակամությունը պահպանել վարկավորման կայուն աճը նույնպես օգուտ է բերում հումքային և, մասնավորապես, պղնձի շուկային։

Սակայն HSBC–ի կողմից վերջերս հրապարակված տվյալները Չինաստանի արտադրական հատվածի գործարար ակտիվության մասին հուլիսին, որոնք արդեն չորս ամիս անընդմեջ նվազում են ցույց տալիս, կասկածի տակ են առնում Չինաստանից ստացվելիք դրական լուրերը։ Հուլիսին սպասվող սպառողական գների ինդեքսի հնարավոր աճը նույնպես բացասական կազդի պղնձի գնանշումների վրա, քանի որ գնաճի ցրումը սահմանափակում է Չինաստանի դրամային իշխանությունները` թույլ չտալով իրենց տնտեսության լրացուցիչ խթանում։

Այսպիսով, եթե չինական ցուցանիշներն իրականում բացասական լինեն, իսկ եվրոպականները` ակնկալվածից վատը, ապա պղնձի արժեքը կարող է նվազել։ Ամերիկյան դրական լուրերը նույնպես կարող են բացասաբար ազդել պղնձի գնանշումների վրա։ Պղնձի արժեքի փոփոխման միջակայքն առաջիկա շաբաթ կկազմի 3.06-3.27 դոլար մեկ ֆունտ պղնձի դիմաց։ -0-Ն.Ա.

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև