Հայկական դրամի արժեզրկումը կարող է մեծացնել վարկառուների ռիսկերը

03.07.2012 15:10
Հայկական դրամի արժեզրկումը կարող է մեծացնել վարկառուների ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը կարող է մեծացնել վարկառուների ռիսկերը, «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում ասել է «Կոնվերս բանկի» վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքով՝ ազգային արժույթի արժեզրկումը բանկերի համար վտանգներ չի պարունակում, եթե իհարկե բանկը ճիշտ է կառավարում իր արժույթային ռիսկերը: Նրա կարծիքով՝ բանկերի համար ամենամեծ ռիսկն այսօր վարկառուի ռիսկն է:  Եթե բանկը նույն այն արժույթով է տեղաբաշխել միջոցները, որով ներգրավել է, և չունի բաց դիրքեր, ապա որևէ ռիսկ այդ բանկը չունի:

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում ազգային արժույթն արժեզրկվեց 30 դրամով, ինչը բավական մեծ թռիչք է, սակայն զգալի ցնցումներ տնտեսության մեջ չեղան: Ըստ Դավթյանի «փոխարժեքային այս փոփոխությունները տնտեսությունն, այսպես ասած, կլանեց»:

«Կոնվերս բանկի» վարչության նախագահը նշում է, որ միակ խնդիրը հաճախորդի ռիսկն է: Հայաստանում այսօր եկամուտների մեծ մասը դրամային է, արտահանողների թիվը՝ խիստ սահմանափակ: «Մյուս կողմից՝ սահմանափակ են դրամայի վարկերը: Փոխարժեքի բարձրացման պայմաններում դրամային եկամուտներ ունեցող հաճախորդների համար ավելանում են դոլարային վարկերի սպասարկման ծախսերը: Եվ եթե նա նաև «եզրով քայլող» հաճախորդ է, ապա խնդիրը նոր խնդիր է բերելու, և ի վերջո, վարկը դառնալու է ժամկետանց»,- նշում է Դավթյանը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև