ԶԵԱԲ-ը Երևանում քննարկել է ներդրումային համագործակցության հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները

30.07.2012 17:58
ԶԵԱԲ-ը Երևանում քննարկել է ներդրումային համագործակցության հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի (ԶԵԱԲ)՝ հուլիսի 26-27-ը Երևանում գտնվող թիմը՝ կառավարման փոխնախագահ Սերգեյ Շատալովի գլխավորությամբ, քննարկել է Հայաստանի կառավարության և ԵվրԱզԷՍ հակաճգնաժամային հիմնադրամի միջև ներդրումային համագործակցության հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ ֆինանսների և տրանսպորտի նախարարների հետ, խորհրդակցություններ են անցկացվել Էկոնոմիկայի նախարարության, Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաև Ասիական բանկի և Համաշխարհային բանկի  ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում գործող այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ներդրումային նախագծերի համատեղ իրականացումը:

Մասնավորապես ԶԵԱԲ-ը պատրաստակամություն է հայտնել Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցով ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը, որոնց թվում են «Հյուսիս-Հարավ» ներդրումային ծրագրի չորորդ տրանշի հետ կապված հարցերը:

2010թ.-ի հունվարի 14-ին կառավարությունը հաստատեց «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից:

556 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ միջանցքը մուտք է  ապահովում դեպի Սև ծով ու եվրոպական երկրներ՝ Հայաստանի (Մեղրի-Կապան-Գորիս-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) և Վրաստանի տարածքով: Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի սահման) և հարավի (Իրանի սահման) կապի ապահովմանը՝ տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով, որոնք համապատասխանում են բարձր միջազգային չափանիշներին, և համաշխարհային շուկա դուրս գալուն:
Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: ԶԵԱԲ-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 20 նախագծերից Ռուսաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում և գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև