Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ամրապնդում են համագործակցությունը

10.01.2014 12:23
Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ամրապնդում են համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքեցին փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը ուղված փոխհամաձայնության հուշագիր:

Ինչպես հայտնում են NASDAQ OMX ARMENIA–ի մամուլի ծառայությունից, կողմերը համաձայնվեցին ընդլայնել երկկողմանի համագործակցությունը՝ արժեթղթերի անդրսահմանյան վերջնահաշվարկի համար արդյունավետ և հուսալի ռեեստրավարման համակարգի ստեղծման ուղղությամբ:

Համաձայն հուշագրի, դեպոզիտարիաները նախատեսում սերտորեն համագործակցել բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև կազմակերպել սպասարկվող արժեթղթերի և ռեեստրավարման ծառայությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկատվության փոխանակում: Ընկերությունները նաև նախատեսում են փոխանակել իրենց լավագույն փորձը օգտագործվող տեխնոլոգիաների, գործունեության ստանդարտների և զարգացման պլանների գծով, ինչպես նաև նախագծերի, աշխատանքային խմբերի և այլ համապատասխան միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ի լրումն, ընկերությունները նախատեսում են երկկողմանի խորհրդատվություն տրամադրել համագործակցության բոլոր ասպարեզներում:

ԱՀԴ-ի Խորհդի նախագահ Էդդի Աստանինը, մեկնաբանելով հուշագրի կնքումը, նշեց. «ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ ռազմավարական համագործակցության զարգացումը ԱՀԴ-ի, որպես Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, առաջնահերթություններից մեկն է, և դրան նպաստում է նաև մեր համատեղ աշխատանքը Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի ներքո: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև համագործակցությունը դրական ազդեցություն է ունենալու մեր երկրների ֆինանսական շուկաների զարգացման վրա: Կնքված հուշագիրը թույլ կտա մեզ բարձրացնել Ռուսաստանի և Հայաստանի ԿԴ-երի կողմից սպասարկվող արժեթղթերի մասին տեղեկատվության հասանելիության մակարդակը՝ նպաստելով մեր շուկաների թափանցիկությանը ներդրողների համար»:

ՀԿԴ-ի տնօրեն Վահան Ստեփանյանը հավելեց. «Մենք բարձր ենք գնահատում անդրսահմանյան վերջնահաշվարկի և արժեթղթերի հաշիվների վարման ոլորտում մեր համագործակցության ընդլայնումը ԵԿԴԱ-ի և, մասնավորապես, ԱՀԴ-ի հետ: Կարծում ենք, որ Հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու դեպոզիտարիաների միջև համագործակցության ամրապնդմանը, այլ նաև երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հոսքի մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, արժեթղթերի և թողարկողների մասին էական տեղեկատվության հասանելիությունը տեղական և արտասահմանյան ներդրողների համար կհեշտացնի ներդրումային որոշումների կայացման գործընթացը»:

2011թ.–ի հոկտեմբերին դեպոզիտարիաները կնքեցին ՀԿԴ-ում ԱՀԴ-ի անվանատիրոջ հաշվի բացման և սպասարկման մասին համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՀԴ-ի հաճախորդներին օգտվել հայկական թողարկողների արժեթղթերի պահառության, հաշիվների վարման, ինչպես նաև վերջնահաշվարկի ծառայություններից:

Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ) Ռուսաստանի Դաշնության կենտրոնական դեպոզիտարիան է և հանդիսանում է Մոսկվայի Բորսաների Խմբի մի մաս: ԱՀԴ-ն հիմնադրվել է 1996թ. հունիսի 27-ին:

ԱՀԴ-ն Ռուսաստանի ազգային համարակալման գործակալությունն է, ինչպես նաև համարակալման գործակալության փոխարինող ԱՊՀ երկրներում՝ միջազգային ISIN և CFI կոդերի շնորհման իրավունքով: Միջազգային ռեյտինգավորող գործակալություն՝ Thomas Murray-ը, ԱՀԴ-ին, որպես կենտրոնական դեպոզիտարիա, շնորհել է AA- վարկանիշ: ԱՀԴ-ում հաշվառված արժեթղթերի ընդհանուր ծավալը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21,8 տրլն ռուբլի:

2012թ. նոյեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական շուկաների ծառայության կողմից #12-2761/PZ-I հրամանով ԱՀԴ-ին շնորհվել է կենտրոնական դեպոզիտարիայի ստատուս:

ԱՀԴ-ն ունի արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակցի լիցենզիա #177-12042-000100՝ տրված ՌԴ Ֆինանսական շուկաների ծառայության կողմից 2009թ. փետրվարի 19-ին, բանկային գործառնությունների լիցենզիա #3294՝ տրված ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից 2012թ. հուլիսի 26-ին, ինչպես նաև քլիրինգի գործունեության լիցենզիա #077-00004-000010՝ տրված ՌԴ Ֆինանսական շուկաների ծառայության կողմից 2012թ. դեկտեմբերի 20-ին:

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեսրտավարն է և պահառուն: ՀԿԴ-ն հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դուստ ընկերություն և կազմում NASDAQ OMX Group Inc.-ի մի մաս:

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմալացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 7 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,300 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև