«Ռեսո» ընկերության կազմակերպած ուսումնավարժական հավաքին մասնակցել են ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ

26.09.2012 17:18
«Ռեսո» ընկերության կազմակերպած ուսումնավարժական հավաքին մասնակցել են ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռեսո» ապահովագրական ընկերությունը սեպտեմբերի 20-22 Ծաղկաձորում հերթական ուսումնաժամանցային հավաքն էր կազմակերպել:

Ինչպես նշված է ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ, հավաքին մասնակցել են ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ ՀՀ բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Եռօրյա հավաքի առաջին օրվա ընթացքում ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հավաքի բացման արարողությունը: Գործադիր տնօրենը ողջունեց մասնակիցներին, մաղթեց հաճելի և արդյունավետ աշխատանք և խոսեց ընկերության առաջիկա խոշոր ծրագրերից` կարևորելով մենեջերների և գործակալների դերը դրանց արդյունավետ իրականացման գործում:
Հավաքը ուներ մրցութային բնույթ և բոլոր մասնակիցներից ստեղծվեցին 4 խմբեր, որոնք ընտրեցին իրենց խմբի անվանումը, կարգախոսը և գույնը: Թիմային ոգի ստեղծելու նպատակով հավաքի առաջին օրվա ընթացքում անցկացվեցին մի շարք թիմային կառուցողական խաղեր, որոնք հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին շփվել և միմյանց ավելի լավ ճանաչել:

Հաջորդ օրն արդեն ձևավորված թիմերից յուրաքանչյուրը ստեղծեց նոր ապահովագրատեսակ և ընտրեց ընկերության կողմից առաջարկվող կամավոր ապահովագրատեսակներից որևէ մեկը` առաջարկելով դրանց վաճառքի առավել արդյունավետ տարբերակներ: Կազմակերպված տոնավաճառի ընթացքում թիմերը փորձում էին հնարավորինս լավ ներկայացնել իրենց ընտրած ապրանքատեսակները` առավել շատ վաճառելու նպատակով: Հաջորդ քայլը մենեջերների անհատական պլանների մշակումն էր` համաձայն նախապես մշակված ձևաչափի: Դրա տրամաբանական շարունակությունն էր դասընթացի վերջում կազմակերպված քննարկումը, որի ընթացքում կարևորվեց մենեջերական յուրաքանչուր խմբի ճիշտ նպատակադրումը:

Մրցույթի ողջ ընթացքում անաչառ ժյուրին ուշադիր հետևում էր իրադարձությունների զարգացմանը և նախապես մշակված չափորոշիչների հիման վրա գնահատում յուրաքանչյուր մրցույթ: Հավաքի ավարտին ամփոփվեցին մրցույթների արդյունքները և որոշվեց հաղթող թիմը:

Փակման հանդիսավոր ճաշկերույթին ընկերության գործադիր տնօրենի կողմից յուրաքանչյուր մասնակցի հանձնվեց հավաստագիր, իսկ հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Ժյուրիի կողմից սահմանվել էին նաև անվանակարգեր, որոնց հաղթողներին ևս տրվեցին նվերներ, ինչպես նաև անվանակարգում հաղթող ճանաչվելու պատվոգրեր: Բոլոր մասնակիցներն առանց բացառության իրենց ակտիվությամբ, երգ ու պարով ցույց տվեցին, որ այդ օրերին նրանք ստացել են բազմաթիվ դրական լիցքեր: Իսկ մասնակիցներից ամենաերիտասարդը 19 տարեկան էր, ամենատարեցը` 60:

«Ռեսո» ՓԲԸ-ն գրանցվել է 2008 թվականի նոյեմբերի 10-ին որպես «Յունիռեսո» ՓԲԸ: Ընկերությունը վերանվանվել է «Ռեսո» ՓԲԸ-ի 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: Ընկերության բաժնետերերեն են «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ն (գործունեության տեսակը` ներդրումային գործունեություն)  - 50%, «ՍԻ ԱՅ ԷՍ Էկվիթի Փարթներս Լիմիտեդ» ՍՊԸ-ն (գործունեության տեսակը` ներդրումային գործունեություն) - 50%:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև