Բրազիլական ԿԲ–ն 60 մլրդ դոլար կծախսի ռեալի աջակցման համար

23.08.2013 18:47
Բրազիլական ԿԲ–ն 60 մլրդ դոլար կծախսի ռեալի աջակցման համար

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայի Կենտրոնական բանկը մոտ 60 մլրդ դոլար կծախսի արագ էժանացող ռեալի փոխարժեքի աջակցման համար։ Տարեսկզբից ռեալի փոխարժեքը մոտ 20 տոկոսով նվազել է դոլարի նկատմամբ` հնգամյա նվազագույն ցուցանիշ գրանցելով, հաղորդում է РБК–ն։

Ազգային արժույթի փոխարժեքի նվազման դեմ պայքարի ծրագիրը նախատեսում է կարճաժամկետ վարկերի և սվոփերի տեսքով մոտ 2 մլրդ դոլար շաբաթական ներդրում երկրի տնտեսությունում և ևս 1 միլիարդ ռեալի ուղիղ գնում։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի տնտեսությունը ծանր ժամանակաշրջան է ապրում։ Նախորդ շաբաթ Centrais Eletricas Brasileiras (Eletrobras) բրազիլական էներգետիկ հոլդինգը, որն ամենախոշորն է Լատինական Ամերիկայում, տեղեկացրեց եռամսյակային շահույթի 87,7 տոկոսով կրճատելու մասին (այն կազմել էր 164 մլն ռեալ` նախորդ տարվա 1,35 մլրդ ռեալի դիմաց)։

Հակաճգնաժամային խթանման ծրագրի դադարեցման մասին ԱՄՆ ԴՊՀ ղեկավարության ներկայացուցիչների վերջին հայտարարություններից հետո մի շարք երկրների արժույթները սկսել են արագ արժեզրկվել, իսկ այդ երկրների կենտրոնական բանկերը սկսել են միջոցներ փնտրել «դժբախտության» դեմ պայքարելու համար։ Մասնավորապես Հնդկաստանի Պահուստային բանկը (RBI, երկրի Կենտրոնական բանկը) մի շարք միջոցներ է ընդունել դրամավարկային քաղաքականությունը խստացնելու ուղղությամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուփիի փոխարժեքը նվազել է և ռեկորդային նվազագույն ցուցանիշ գրանցել։ Ռուփիի առաջարկը  սահմանափակելու և դրա փոխարժեքի անկումը կանխարգելու համար RBI–ն ՌԵՊՈ գործառնությունների ցերեկային ծավալի սահմանափակում է սահմանել 750 լն ռուփիի չափով (12,5 մլրդ դոլար)։

Միաժամանակ հնդկական ԿԲ–ն բարձրացրել է առևտրային բանկերի համար նախատեսված վարկերի երկու հաշվարկային դրույքները. երկուսն էլ` 2–ական տ.կ.–ով`մինչև 10,25 տոկոս։ Միաժամանակ RBI–ն հիմնական հաշվարկային դրույքը նախկին մակարդակում է թողել` 7,25 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև