ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի հեռանկարները

25.03.2014 13:33
ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի:

Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի կապակցությամբ:

«ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի հեռանկարները: Բոլոր տնօրենները,  հատկապես եվրոպական պետությունները ներկայացնող, իրենց օժանդակությունն են հայտնել Հայաստանին»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ հաստատված նոր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչպես նախորդը:

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Մարկ Հորթոնը ընդգծել է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ հարցին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տարբեր զարգացումների վերաբերյալ: Մարկ Հորթոնը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է հետագայում ևս իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին՝ հնարավոր ռիսկերի և մարտահրավերների հաղթահարման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև