Երևանի կենտրոնում բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Երիտասարդական» նոր մասնաճյուղը

06.05.2014 12:12
Երևանի կենտրոնում բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Երիտասարդական» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Երևանի կենտրոնում «Երիտասարդական» նոր մասնաճյուղ է բացել։

«Մեզ համար շատ կարևոր է, որ այս մասնաճյուղը բացվեց հենց այսօր։ Այն կոչվել է «Երիտասարդական», ինչպես ցանկանում էր բանկի գլխավոր տնօրեն պարոն Ստեփան Գիշյանը», – մասնաճյուղի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը մահացել է մարտի 22–ին 49 տարեկանում հիվանդության պատճառով (http://armbanks.am/2014/03/23/73351/)։

Անդրեասյանի խոսքով` բանկը նախատեսում է ավելացնել իր ծառայությունների հասանելիությունը երիտասարդների համար հենց այս մասնաճյուղում, որը մոտ է մայրաքաղաքի բուհերի մեծ մասին։

Նա նշեց, որ թվով 49–րդ մասնաճյուղն առաջարկելու է բանկում գործող ծառայությունների ողջ շարքը, բացի այդ երիտասարդ հաճախորդներին կառաջարկվեն նոր ապրանքներ և կներկայացվի բանկի հետ շփման նոր հնարավորություն։

«Գաղտնիք չէ, որ շատերը զգուշանում են գործարքներ կատարել բանկերում, և մենք կփորձենք օգտակար լինել մեր երիտասարդներին», – ասաց նա։

Անդրեասյանի խոսքով` նոր ապրանքները կարող են ներառել քարտային ապրանքներ, սպառողական վարկեր։ Քննարկման փուլում է նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին բիզնես ստեղծելու համար վարկեր տրամադրելու հարցը։

«Մեր քաղաքականությունը, ռազմավարությունն ընդհանուր առմամբ չեն փոխվել, մենք մտադիր ենք մինչև տարեվերջ հանրապետությունում բացել ևս վեց մասնաճյուղ, որոնցից երեքը կգործեն Երևանում, իսկ երեքը` մարզերում, որոնցից երկուսը` Գյումրիում», – ընդգծեց Անդրեասյանն` ավելացնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել մասնաճյուղերի թիվը։

Անդրեասյանը ներկայացրեց նաև «Երիտասարդական» նոր մասնաճյուղի ևս մի առանձնահատկություն։ Բանկի ղեկավարության նորամուծության համաձայն` մասնաճյուղի կառավարչի աշխատասենյակի պատերը պատրաստված են թափանցիկ ապակուց։

Նա պարզաբանեց, որ կառավարիչն անհրաժեշտության դեպքում կարող է սպասարկել հաճախորդներին, մասնավորապես` մեծ թվով հաճախորդներ ունենալու դեպքում։

«Այսպիսով մենք ցանկանում ենք այդ գործընթացը թափանցիկ դարձնել և մեր հանրապետությունում նոր ավանդույթներ ստեղծել, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, որ կառավարիչը ևս սովորական բանկային ծառայող է` պատասխանատվության ավելի մեծ մասնաբաժնով», – ասել է Անդրեասյանը։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 264,6 մլրդ դրամ ($640,2 մլն.), վարկային ներդրումները` 178 մլրդ դրամ ($430,6 մլն.), սեփական կապիտալը` 53 մլրդ դրամ ($128,2 մլն.)։Ավանդների ծավալը կազմել է 109,6 մլրդ դրամ ($265,1 մլն)։

Բանկի հիմնադրման օրից նրա հաճախորդների թիվն ավելացել է 25 անգամ` կազմելով մոտ 276 հազար մարդ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև