ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անվտանգության ծառայությունը 2014թ.-ի առաջին ամիսների ընթացքում կանխել է մոտ 19 մլն դրամի խարդախության ավելի քան 30 փորձ

03.07.2014 14:05
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անվտանգության ծառայությունը 2014թ.-ի առաջին ամիսների ընթացքում կանխել է մոտ 19 մլն դրամի խարդախության ավելի քան 30 փորձ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը 2014 թվականի առաջին ամիսների ընթացքում կանխել է խարդախության ավելի քան 30 փորձ՝ մոտ 19 միլիոն դրամ ընդհանուր գումարի չափով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Տվյալ պահին ընկերության կողմից ներկայացված դիմումներով ներքին գործերի մարմինները հարուցել են քրեական գործեր անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված խարդախության երեք դեպքով: Այսօրվա դրությամբ տվյալ գործերով իրականացվում է հետաքննություն: Եվս երկու գործով առաջին ատյանի դատարանները արդեն կայացրել են դատավճիռ», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Առաջին դեպքում Հայաստանի երեք քաղաքացիներ ճանաչվել են մեղավոր մի խումբ անձանց կողմից խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փորձ կատարելու մեջ: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՃՏՊ-ի քննության ընթացքում պարզվել է, որ տեղի է ունեցել վարորդի փոխարինում: Դրա արդյունքում հանցագործները փորձել են ընկերությունից ստանալ 592,000 ՀՀ դրամ գումարի հատուցում: Դատավճռով մեղավորներից յուրաքանչյուրը տուգանվել է նվազագույն աշխատավարձի 600-պատիկից մինչև 700-պատիկի չափով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Երկրորդ դեպքում Նոյեմբերյան քաղաքի երկու բնակիչներին առաջադրվել է նախնական համաձայնությամբ խոշոր չափերի խարդախություն կատարելու փորձով մեղադրանք: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մխիթար Գ. և Արմեն Ա. նախկինում տեղի ունեցած ՃՏՊ-ն փորձում էին ներկայացնել որպես նոր դեպք և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից ստանալ 990,000 դրամ որպես հատուցում: Սույն գործով դատարանը կայացրել է դատավճիռ և յուրաքանչյուրին պարտադրել է վճարել նվազագույն աշխատավարձի 500-պատիկին հավասար տուգանք:

Ընկերության տվյալների համաձայն՝ խարդախության ամենատարածված դեպքերը կապված են ավտոապահովագրության հետ: Բացի վարորդի փոխարինումից և հին պատահարով հատուցում ստանալու փորձերից արձանագրվել է քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպք ՃՏՊ-ից հետո ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անվտանգության ծառայության տեղեկատվության համաձայն՝ այս տարի կտրուկ կրճատվել է մեղավոր կողմի փոխարինման դեպքերի թիվը, երբ առավել շատ տուժած ավտոմեքենայի սեփականատերը ապահովագրական ընկերությունում ներկայանում է որպես տուժող կողմ, և ապահովագրողը մեծ գումարի փոխհատուցում էր վճարում: 2014 թ.-ին Բոնուս-Մալուս համակարգի բոլոր բաղադրիչների ուժի մեջ մտնելու կապակցությամբ անմեղ վարորդները հրաժարվում են իրենց վրա վերցնել ուրիշի մեղքը, քանի որ դա ազդում է նրանց ապահովագրաման պատմության վրա և հանգեցնում է ԱՊՊԱ պոլիսի արժեքի ավելացմանը:

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ։

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3,44 մլրդ դրամ (8,3 մլն. դոլար)։

Ընկերության խորհրդում ընդգրկված են առաջատար մասնագետներ և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ խմբի բարձրագույն ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, ունի 48 գրասենյակ, այդ թվում 18 մասնաճյուղ, վաճառքի 13 գրասենյակ Երևանում և 33-ը՝ Հայաստանի խոշոր մարզկենտրոններում և քաղաքներում:

2011 թվականի դեկտեմբերին Moody International կազմակերպության կողմից ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը շնորհվել է ISO 9001:2008 պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ:– 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև