ԵԿԲ–ն չի ավելացրել Հունաստանի բանկերի ֆինանսավորումը

26.06.2015 16:47
ԵԿԲ–ն չի ավելացրել Հունաստանի բանկերի ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) ուրբաթ որոշել է չավելացնել հունական բանկերի ֆինանսավորման սահմանային ծավալը լիկվիդայնության տրամադրման ծրագրի շրջանակում (Emergency Liquidity Assistance, ELA)։ Այս մասին, ինչպես հաղորդում է Vestifinance.ru–ն, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Վերջին շրջանում ԵԿԲ–ի կառավարիչների խորհուրդը գրեթե ամեն օր խորհրդակցություններ է անցկացնում, որոնք ուղղված են Հունաստանին լիկվիդայնության ապահովմանը։ Հինգշաբթի նույնպես ELA–ի գումարը չփոխվեց` մնալով մոտ 89 մլրդ եվրոյի մակարդակում։ Մինչ այդ ԵԿԲ–ն մոտ մեկ շաբաթվա ընթացքում չորս հանդիպում էր անցկացրել` մշտապես ավելացնելով վարկավորման ծավալները։

Աղբյուրների խոսքերով` ELA–ի ծավալի անփոփոխ մնալը նշանակում է, որ հունական բանկերի ավանդների արտահոսքը թուլացել է։ Հունաստանի բանկի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ ուրբաթ ԵԿԲ–ի ընդունած որոշումը համընկել է հունական հայտի հետ։

ԵԿԲ–ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է առաջիկա 24 ժամում վերանայել Հունաստանի վարկային կազմակերպություններին լիկվիդայնության տրամադրման ծավալները։

Ավելի վաղ Բունդեսբանկի ղեկավար Ենս Վայդմանը քննադատել էր հունական բանկերին` նշելով, որ նրանք չափից շատ են կախված ԵԿԲ–ից։ Նա ավելացնում է եվրագոտու ԿԲ–ի գործընկերների վրա գործադրած ճնշումը` պահանջելով ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Հունաստանի նկատմամբ, գրում է Kathimerini հունական թերթը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև