Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2012 թ.-ին դրամական փոխանցումների ծավալների 20%-ոց աճ է ակնկալում

02.03.2012 13:14
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2012 թ.-ին դրամական փոխանցումների ծավալների 20%-ոց աճ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2012 թ.-ին դրամական փոխանցումների ծավալների 20 տոկոսանոց աճ է կանխատեսում, ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

«2011 թ.-ին բանկային ողջ համակարգում դրամական փոխանցումների ծավալներրի 11-15 տոկոսանոց ավելացման դրական դինամիկա է նկատվել: Իրավիճակի բարելավումը մեզ շուրջ 20 տոկոսանոց աճի հույս է տալիս», - «ԱՌԿԱ» գործակալությանը մեջբերեցին Խաչատրյանի խոսքերը բանկի մամուլի ծառայությունից:

Նրա խոսքերով՝ այսօր գրեթե բոլոր բանկերը հաճախորդներին գրեթե հավասար պայմաններով միջազգային դրամական փոխանցումների ծառայություն են առաջարկում:

«Շուկան լի է առաջարկներով, հետևաբար նվազում է նաև պահանջարկը: Նման իրավիճակ էր ստեղծվել նաև մեր բանկում 2011 թ.-ին: 2010 թ.-ի արդյունքների համեմատ՝ դրամական փոխանցումների տարբեր համակարգերով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումների ծավալը նվազել էր 20 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի 6,2 մլրդ դրամի համեմատ», - ասել է նա:

Խաչատրյանը նշել է, որ շուկայում հիմա մրցակցությունը շատ կոշտ է, և հաղթում է նա, ով առաջարկում է սպասարկման ավելի որակյալ մակարդակ:

«Դրա համար հարկավոր է մշտապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ընդլայնել առաջարկվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև տարբեր միջազգային վճարային համակարգերի հետ գործընկերությունը», - ավելացրել է նա:

Գլխավոր տնօրենի տեղակալի խոսքերով՝ այսօր բանկը միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում այնպիսի համակարգերի միջոցով, ինչպիսիք են «БЫСТРАЯ ПОЧТА»-ն, «MIGOM»-ը, «CONTACT»-ն ու «MONEYGRAM»-ը, «BLIZKO»,-ն, իսկ վերջերս բանկը սկսել է Ռուսաստանից Հայաստան «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական դրամական փոխանցումներ իրականացրել առանց հաշիվ բացելու:

«Ամենամոտ ժամանակներս բանկը նախատեսում է միանալ ANELIK և UNISTREAM համակարգերին: Բանակցություններ են ընթանում ևս մեկ վճարային համակարգի հետ, որը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում զբաղեցնում է փոխանցումների շուկայի 50 տոկոսը», - տեղեկացրել է Խաչատրյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 2011 թ.-ին իրականացրել է 272,5 մլրդ. դրամի փոխանցում, որոնցից՝ առանց հաշիվ բացելու՝ 5 մլրդ. դրամի և S.W.I.F.T. համակարգով՝ 267,5 մլրդ. դրամի:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: ($1 – 388,57 դրամ):  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև