28.12.2012 19:39
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի վարկային ներդրումների աճը 2012թ.–ին կկազմի 25 տոկոս, ուրբաթ ամանորյա ընդունելության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
«Միաժամանակ համաշխարհային տնտեսության վարկային ներդրումների աճը կկազմի ընդամենը 3 տոկոս։ Եվ նույնիսկ աճի նման բարձր տեմպերի պայմաններում, Հայաստանի բանկային համակարգը կայուն է մնում, և ռիսկեր բնութագրող ցուցանիշները գտնվում են ընդունելի մակարդակում»,– ասաց նա։
Ըստ Ջավադյանի`ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգը տարին կեզրափակի դրական ցուցանիշներով։
«Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվները տարվա արդյունքներով կկազմեն ՀՆԱ–ի 65 տոկոսը, իսկ վարկային պորտֆելը` ՀՆԱ–ի 40 տոկոսը` նախորդ տարվա համեմատ ավելանալով 6 տ.կ.–ով»,– տեղեկացրեց ԿԲ ղեկավարը։
«2012–2014թթ. ՀՀ առևտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսումները» ՀՀ ԿԲ հաշվետվության համաձայն` 2012–2014թթ հայկական բանկերի համախառն վարկային ներդրումների միջին տարեկան աճը կկազմի 25 տոկոս։
Բանկերի միջանկյալ հաշվետվությունների համաձայն, 2012թ.–ի երկրորդ եռամսյակում բանկերի վարկային պորտֆելը կազմել է 1,5 տրլն դրամ։
Միաժամանակ ԿԲ տվյալների համաձայն, առևտրային բանկերի համախառն ակտիվներում վարկային ներդրումների մասնաբաժինը 2014թ.–ին կավելանա` հասնելով 69 տոկոսի` 2011թ.–ին գրանցված 58 տոկոսի դիմաց։
2014թ.–ին մինչև 68 տոկոս «առևտրային բանկերի ակտիվներ/ՀՆԱ» հարաբերակցության ցուցանիշի աճ է կանխատեսվում, այն դեպքում, երբ 2011թ.–ին տվյալ ցուցանիշը կազմել էր 54 տոկոս։
Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2012թ.–ի առաջին կիսամյակի վերջին կազմել են ավելի քան 2,2 տրլն դրամ։
2012–2014թթ. ՀՀ առևտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսումների համաձայն` առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության ցուցանիշը (ROA) այդ ժամանակահատվածում կտատանվի 2,2%-2,8% սահմաններում (2011 թ.–ին`1,7%), իսկ կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE)` 2,7%-16,6% միջակայքում (2012թ.–ին`9,5%)։
Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: