Bank of Cyprus–ի ղեկավարը լքում է պաշտոնը

26.03.2013 16:18
Bank of Cyprus–ի ղեկավարը լքում է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի բանկային համակարգի փրկության ծրագրերի հրապարակումից հետո Bank of Cyprus–ի ղեկավար Անդրեաս Արտեմիսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, հաղորդում է  РБК–ն` հղում անելով Բի–բի–սի–ին։

Այսօր Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Կիպրոսի խոշորագույն բանկերի` Cyprus Popular Bank–ի (Ժողովրդական բանկ կամ Laiki) և Bank of Cyprus–ի վարկանիշները` հասցնելով դեֆոլտային մակարդակների։ Fitch–ը նվազեցրել է Laiki–ի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «В»–ից հասցնելով «D» (դեֆոլտ) մակարդակի, Bank of Cyprus–ինը`« В»–ից հասցնելով «RD» (սահմանափակ դեֆոլտ) մակարդակի։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Կիպրոսում բանկերի բացումը հետաձգվում է մինչև մարտի 28–ը։ Պատճառները չէին նշվել։

Ինչպես այսօր հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը, կիպրոսյան բանկերի այն ավանդատուները, ովքեր 100 հազար եվրո և ավելի ակտիվներ ունեն, կարող են ճգնաժամի պատճառով կորցնել դեպոզիտների 40 տոկոսը։ Խոշոր ավանդատուների բանկային դեպոզիտների շուրջ 40 տոկոսը կարող է փոխարինվել բանկային արժեթղթերով։ «Հստակ տոկոսը դեռ չի որոշվել, սակայն շոշափելի թիվ կլինի»,– նշել էր նա։

Նախօրեին եվրագոտու ֆինանսների նախարարները հաստատեցին բանկային հատվածի վերակազմավորման պայմաններում Կիպրոսին օգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Կիպրոսը 2013թ.–ի մայիսի սկզբին 10 մլրդ եվրոյի չափով առաջին տրանշը կստանա ESM եվրոպական կայուն մեխանիզմի կողմից։

ԵՄ–ի կողմից հաստատված բանկերի վերակազմավորումը նախատեսում է ստեղծել «լավ բանկ» և «վատ բանկ» (վերջինի դերում հանդես կգա երկրի` մեծությամբ երկրորդ բանկը` Կիպրոսի Ժողովրդական բանկը)։ Մինչև 100 հազար եվրոյի բոլոր դեպոզիտները, ինչպես նաև «լավ» վարկերը Laiki Bank–ից կանցնեն Bank of Cyprus–ին։ 100 հազար եվրոյից ավելի դեպոզիտների հարկը Bank of Cyprus–ում կկազմի մոտ 30 տոկոս։ Մինչև 100 հազար եվրոյի ավանդները չեն տուժի։ Կիպրոսի Բանկին կփոխանցվեն նաև այն միջոցները, որոնք ստացվել են ԵԿԲ–ի կողմից որպես վարկ, որը կազմում է 9 մլրդ եվրո։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև