ՀՀ ԿԲ խորհուրդը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%–ի մակարդակում

24.09.2013 19:36
ՀՀ ԿԲ խորհուրդը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%–ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5 տոկոսի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2013 թ. օգոստոսին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%:

Խորհուրդը համակարծիք է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով գնաճի կանխատեսվող հետագծին:

Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը` Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանների պահպանումը թույլ կտա հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը:

«Գնաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները», – նշվում է տեղեկատվության մեջ։

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս պարագայում, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատեց, որ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրան, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա:

Խորհուրդը համակարծիք է, որ կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

ՀՀ ԿԲ խորհուրդը օգոստոսի 13–ի նիստի ժամանակ որոշում էր ընդունել 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 8,5 տոկոսի սահմանում։ Մինչ այդ կարգավորիչը վերջին անգամ փոխել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.–ի սեպտեմբերի 6–ին` 8,5 տոկոսից դարձնելով 8 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2013 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև