ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի նոր ղեկավարությունը կշարունակի աշխատանքը զարգացման ծրագրված ռազմավարությամբ

08.05.2014 18:31
ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի նոր ղեկավարությունը կշարունակի աշխատանքը զարգացման ծրագրված ռազմավարությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի նոր ղեկավարությունը կշարունակի աշխատանքը զարգացման ծրագրված ռազմավարությամբ, լրագրողներին հինգշաբթի հայտնեց  «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք կիրականացնենք այն բոլոր քայլերը, որոնք դրված են ռազմավարական զարգացման մեր ծրագրի հիմքում»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Անդրեասյանը։

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի բաժնետերերը 2014 թվականի ապրիլի 23–ից միաձայն որոշում են ընդունել Հակոբ Անդրեասյանին բանկի գլխավոր գործադիր տնօրեն նշանակելու մասին Ստեփան Գիշյանի փոխարեն, ով հիվանդության հետևանքով մահացել է մարտի 22–ին 49 տարեկան հասակում։

Անդրեասյանի խոսքով` զարգացման ծրագիրը նախատեսում է բանկի ներկայացվածության ընդլայնումը Հայաստանի ողջ տարածքում։ Այդ իմաստով նա հիշեցրեց, որ նախորդ երկուշաբթի կայացել է բանկի «Երիտասարդական» 49–րդ մասնաճյուղի բացումը։ Անդրեասյանը հայտնեց նաև, որ մինչև տարեվերջ երկրում կբացվեն ևս վեց մասնաճյուղեր, երեքը` Երևանում և երեքը` մարզերում (դրանցից երկուսը` Գյումրիում)։

Բանկի գլխավոր գործադիր տնօրենը նշեց նաև, որ տարեսկզբից հիմնական ֆինանսական ցուցանիշներն աճ են գրանցել, մասնավորապես, ավելացել է բանկի վարկային պորտֆելը։ «Եթե տարեսկզբին մեր վարկային պորտֆելը կազմում էր 163 մլրդ դրամ, ապա այսօր արդեն ունենք 176 մլրդ դրամի պորտֆել»,– ասաց նա։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Անդրեասյանը հայտնեց, որ բանկի զարգացման ռազմավարությունը նախատեսում է գյուղատնտեսական վարկերի տրամադրման, սպառողական վարկերի պորտֆելի ավելացման ոլորտի, ինչպես նաև հիփոթեքային շուկայի ակտիվության բարձրացում, հատկապես երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորման գործում, ինչպես նաև ավելի ակտիվ աշխատանք փոքր և միջին բիզնեսի ոլորտում։

Ըստ նրա` բանկն արդեն նոր առաջարկներ է նախապատրաստում առկա և ապագա հաճախորդներին։

«Առաջարկները կբաժանվեն նպատակային խմբերի, և հիմնականում իրենցից կներկայացնեն բանկային պրոդուկտների փաթեթներ։ Մեր հիմնական շեշտադրումը կլինի երիտասարդ ընտանիքների վարկավորումն ու բանկային պրոդուկտների տրամադրումը, քանի որ մենք կարծում ենք, որ դա այն նպատակային խումբն է, որի հետ երկար կարող ենք աշխատել»,– ասաց Անդրեասյանը։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

Բանկի ակտիվները 2014 թվականի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 264.6 մլրդ դրամ ($640,2 մլն), վարկային ներդրումները` 178 մլրդ դրամ ($430,6 մլն), սեփական կապիտալը` 53 մլրդ դրամ ($128,2 մլն). Ավանդների ծավալը կազմել է  109,6 մլրդ դրամ ($265,1 մլն)։

Բանկի հիմնադրման օրվանից դրա հաճախորդների թիվն աճել է 25 անգամ` կազմելով շուրջ 276 հազար։ Բանկում աշխատում է 1050 աշխատակից։ Վերջին 10 տարիներին բանկի մասնաճյուղերի թիվը ողջ հանրապետությունով հասել է 49–ի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև