«Արդշինբանկ»-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլար

10.12.2014 13:04
«Արդշինբանկ»-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.«Արդշինբանկ» ՓԲԸ-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերի թողարկումը առաջին նման գործարքն է միջազգային ֆինանսական շուկաներում 2013 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումից հետո:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխել է իր 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերը J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման գլխավոր տեղաբաշխողը:

Հեղինակավոր Moody’s վարկանշային գործակալությունը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոսմերի այս թողարկմանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ բանկի ներկայիս Ba3 վարկանիշից մեկ աստիճան բարձր: Պարտատոմսերը ցուցակված են Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ պարտատոմսերի քլիրինգն իրականացվում է Euroclear-ի և Clearstream-ի համակարգերում

Հաղորդագրության համաձայն` պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ուղղվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ռազմավարությամբ նախատեսված գործառնությունների ընդլայմանը:
«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարությունը գոհունակություն է հայտնում նախադեպը չունեցող այս թողարկման արդյունքներից և միջազգային ներդրողների կողմից բանկի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության աստիճանից:

«Մենք հպարտ ենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին ոչ պետական կառույցն է, որը կարողացել է տեղաբաշխել պարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում», – ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը

Միաժամանակ նա նշել է, որ սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր բանկի, այլև երկրի համար, քանի որ այն օգնում է Հայաստանի մասնավոր ընկերություններին գրավել իրենց տեղը միջազգային ֆինանսական «քարտեզում»։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002թ.-ին և հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը: Բանկն ունի լայն մասնաճյուղային ցանց հանրապետության ողջ տարածքով՝ 55 մասնաճյուղերով: Moody’s կողմից Բանկի վարկանիշը գնահատվել է Ba3 կայուն հեռանկարով: 2014թ. սկզբին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն միջազգային ներդրողներից ներգրավեց 18 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ` դառնալով Հայաստանի առաջին բանկը, որն իրականացրեց այդ գործարքն առանց միջազգային դոնոր կազմակերպությունների օգնության։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև