01.06.2015 20:37
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը Գյումրիում Երեխաների պաշտպանության միջազգային օրը բացեց նոր բարեկարգված մանկական խաղահրապարակ` Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
«Խաղահրապարակի հանդիսավոր բացմանը ներկա էին Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Երեխաների համար կազմակերպվել է երաժշտական-զվարճալի միջոցառում, հանձնվել են տարատեսակ նվերներ, ինչը դարձրել է փոքրիկների տոնն առավել ուրախ և հիշարժան», – նշեցին Բանկի մամուլի ծառայությունում։
Խաղահրապարակում կա կանաչ գոտի, հանգստանալու համար հարմարավետ նստարաններ, երեխաների համար խաղային տարածք, խաղասարքեր, ինչպես նաև` հանգստի տաղավար:
«Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, սիրով գյումրեցի փոքրիկներին ենք հանձնում այս հրաշալի խաղահրապարակը, որը, վստահ եմ, կնպաստի երեխաների առողջ ապրելակերպին և ֆիզիկական զարգացմանը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։
Նրա խոսքերով` Անելիք Բանկն իր 25-ամյակի կապակցությամբ արդեն իսկ իրականացրել է սոցիալական պատասխանատվությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ «25 տարի Պարզ և Բարի» կարգախոսով, ինչը Բանկի հոբելյանական տարվա համար նախանշված ռազմավարության մի մասն է
Նա հիշեցրել է, որ հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկել են ծառատունկով, որի ժամանակ Բանկի աշխատակիցները Արագածոտնի մարզում տնկել են 250 պտղատու ծառ։
«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: