ՀՀ ԱԺ-ն հավանություն է տվել ՎԶԵԲ-ի հետ 5 մլն եվրոյի վարկային համաձայնագրին, որը վերաբերում է Երևանի մետրոյի վերականգնմանը

03.12.2012 20:18
ՀՀ ԱԺ-ն հավանություն է տվել ՎԶԵԲ-ի հետ 5 մլն եվրոյի վարկային համաձայնագրին, որը վերաբերում է Երևանի մետրոյի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի վավերացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երևանյան մետրոյի վերականգնման ու վերազինման ծրագրի շարունակմանն ուղղված  5 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը:

ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրն օգոստոսի 3-ին ստորագրել են Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի ֆինանսների նախարարությունը և «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն:

Նախագծի իրագործման նպատակով ևս 5 մլն եվրո կուղղի Եվրոպական ներդրումային բանկը, իսկ Եվրամիությունը նույն գումարի չափով դրամաշնորհ կհատկացնի:

Համաձայնագրի ստորագրումը Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլն է նշանավորում: Հիմնական շեշտը կդրվի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման ու էլեկտրաէներգիայի զգալի տնտեսման ապահովման վրա: Կարևոր բաղադրիչ է նաև շարժակազմի արդիականացումը:

2010 թվականին այս ծրագրի առաջին փուլի իրագործումը, որի ֆինանսավորումը նույնպես ապահովել էին ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն և ԵՄ-ն 15 մլն եվրոյի չափով, ուղղված էր մետրոպոլիտենի հուսալիության, էներգաարդյունավետության և անվտանգության բարձրացմանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնվել է 1981 թվականին: Այսօր Երևանում գործում է մետրոյի տասը կայարան: Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկայնությունը կազմում է 13,4 կիլոմետր: -0-Ն.Ա.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև