Հայաստանում այս տարի Արտահանման ապահովագրման կազմակերպություն կստեղծվի. էկոնոմիկայի փոխնախարար

24.04.2013 14:36
Հայաստանում այս տարի Արտահանման ապահովագրման կազմակերպություն կստեղծվի. էկոնոմիկայի փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այս տարի Արտահանման ապահովագրման կազմակերպություն կստեղծվի, չորեքշաբթի հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։

«Կազմակերպության ստեղծման հայեցակարգը կառավարության կողմից գրեթե առանց ուղղումների է ընդունվել քննարկման, և 2013թ.–ի աշնանը մենք պատրաստվում ենք արտահանման բիզնեսին տրամադրել առաջին ապահովագրական երաշխիքը»,–  USAID-ի «Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության» (PFS)` 1 մլն դոլար արժողությամբ ծրագրի ավարտի կապակցությամբ հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց նա։

Մինասյանն ընդգծեց, որ տվյալ հայեցակարգը մշակել են PFS–ի շրջանակներում Չեխիայից հրավիրված փորձագետները, որոնք բարձրակարգ խորհրդատվություն են տրամադրել հայ գործընկերներին։

USAID-ի հայկական գրասենյակի տնօրեն Կարեն Հիլիարդը կոչ է արել հայ գործընկերներին շարունակել և հաջողությամբ ավարտին հասցնել բարեփոխումների ծրագրի շրջանակներում սկսած գործը։ Ըստ նրա` կարևոր է, որպեսզի ՀՀ կառավարությունը համագործակցի մասնագիտացված կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ։ «Մենք նաև պատրաստ ենք շարունակել համագործակցությունը «Ֆինանսներ հանուն տնտեսական զարգացման» նոր ծրագրի շրջանակներում»,– ընդգծեց Հիլիարդը։

PFS–ի նպատակն էր ֆինանսական ոլորտի զարգացումը և ներդրումային միջավայրի բարելավումը։ Այդ նպատակով USAID–ն աջակցեց կառավարությանը Արտահանման վարկավորման գործակալության ստեղծման հարցում, Ֆինանսների նախարարությանը` աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտի ծառայությունների որակի բարելավման գործում, ինչպես նաև ԿԲ–ի հետ Դիլիջանի  ուսումնահետազոտական կենտրոնի հայեցակարգ է մշակել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև