Եվրապարտատոմսերի հաջող թողարկումը բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը. վարչապետ

03.10.2013 17:44
Եվրապարտատոմսերի հաջող թողարկումը բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեբյուտային եվրապարտատոմսերի հաջող թողարկումը բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Կառավարության որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացը սևացնել, սակայն եվրապարտատոմսերի թողարկումը բարձրացրել է երկրի միջազգային վարկանիշը», – ասել է Սարգսյանը։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։

«Մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին, որն ունի մեծ հեղինակություն և որը մեզ օգնել է, որպեսզի այս գործընթացը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերությունները, որոնց հեղինակությունն այս շուկաներում նույնպես կասկած չի հարուցում, տեղաբաշխումն իրականացվել է այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով» , – ասել է վարչապետը։

ՀՀ վարչապետը նշել է, որ այսուհետ 100-ից ավելի հեղինակավոր ներդրողներ հետևելու են Հայաստանի բոլոր՝ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը։ - 0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև