04.06.2014 19:42
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գործարկել է գումարային փոխանցումների սեփական «Կոնվերս Տրանսֆեր» համակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
Բանկի խորհուրդը հունիսի 3-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության իրականացման թույլտվություն:
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ համակարգի թեստավորումն անցկացվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին։
Համակարգը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային փոխանցումների համար և հնարավորություն է տալիս փոխանցումներն իրականացնել առանց հաշվի բացման: Այն հատկապես հարմար է այն անձանց համար, ովքեր ցանկանում են արագ գումարներ փոխանցել իրենց հարազատներին և մտերիմներին ՀՀ մարզերի, քաղաքների և նույնիսկ ամենահեռավոր գյուղերի միջև: Ապագայում «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով դրամական փոխանցումներ կիրականացվեն նաև արտերկրից:
«Կոնվերս Տրանսֆեր» համակարգով գործառնությունները իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուբլով։
Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ներկայում հայկական բանկերը դեռ չեն միացել այս վճարահաշվարկային համակարգին։ Միաժամանակ նշեցին, որ համակարգին է միացել «Մոբի Դրամ» ընկերությունը։
«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին, 2007 թ.–ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատեր է դարձել արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը։ Մնացած 5 տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն։
Կոնվերս բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 124,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 105,7 մլրդ դրամ, կապիտալը` 19 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 78,9 մլրդ դրամ։ Բանկի շահույթը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 201,4 մլն դրամ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: