ԱՄՆ-ի բանկերը ռեկորդային շահույթ են գրանցել

13.08.2014 13:38
ԱՄՆ-ի բանկերը ռեկորդային շահույթ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բանկերը երկրորդ եռամսյակի արդյունքում վաստակել են 40,24 մլրդ դոլար, որը երկրորդ արդյունքն է վերջին 23 տարվա ընթացքում: Շահույթի աճը հիմնականում պայմանավորված է պահուստների կրճատմամբ և վարկավորման աճով, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Բանկիրները սրանից շատ վաստակել են միայն 2013թ.-ի առաջին եռամսյակում, այն ժամանակ զուտ շահույթը կազմել է 40,36 մլրդ դոլար:

2014թ.-ի երկրորդ եռամսյակում վարկավորումն իսկապես դրական արդյունքներ գրանցեց: Կորպորատիվ վարկավորումն աճեց 12,6 տոկոսով, իսկ մանրածախը՝ 6 տոկոսով: Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը հասավ 8 տրիլիոն դոլարի: Բազմաթիվ տնտեսագետներ և իշխանության ներկայացուցիչներ երկար ժամանակ քննադատում էին բանկերին այն բանի համար, որ դրանք ակտիվ չեն վարկերի տրամադրման հարցում, սակայն բանկերն առանց շտապելու իրենց գործն էին անում, հաղորդում է vestifinance.ru-ն:

Աստիճանաբար նկատվում է վարկային պորտֆելների որակի լավացում, և բանկերն ավելի հաճախ և պատրաստակամությամբ են նոր փոխառություններ տրամադրում: Փորձագետները նշում են, որ փոխառուների նկատմամբ պահանջների ցանկը ևս պակասել է:

«Վարկ ստանալն ավելի հեշտ է դարձել, այստեղ անգամ խոսելու բան չկա», - ասել է Charles & Colvard ոսկերչական ընկերության գլխավոր տնօրեն Ռենդի Մաքալոուն: Նրա ընկերությունը վերջերս Wells Fargo-ից 10 մլն դոլարի եռամյա վարկ է ստացել:

Փոխառուները նշում են, որ վարկ ստանալը հեշտացել է:

Կոմերցիոն վարկավորման գործում լավագույն արդյունքները ցուցադրում են շրջանային բանկերը: Քլիվլենդի KeyCorp-ը 13,4 տոկոսով ավելացրել է տրամադրված կորպորատիվ վարկերի ծավալը՝ հասցնելով 26,4 մլրդ դոլարի, իսկ համախառն պորտֆելն ավելացել է 5,5 տոկոսով: Խոշոր բանկերն այդքան էլ ակտիվ չեն, սակայն դրական դինամիկա, ամեն դեպքում, նկատվում է: Citigroup-ն ավելացրել է պորտֆելը 3,7 տոկոսով, Wells Fargo-ն՝ 3,6 տոկոսով,  JPMorgan Chase-ը՝ 2,9 տոկոսով:

Ներդրողները չեն վստահում բանկերին

Չնայած գրեթե ռեկորդային շահույթներին, բանկերի ակցիաները հետ են մնում լայն շուկայից: Այսպես՝ KBW Bank Index-ը, որը 24 բանկերի բաժնետոմսեր է ներառում, տարեսկզբից կորցրել է գրեթե 1 տոկոս, այն դեպքում, երբ S&P 500-ն ավելացել է մոտ 5 տոկոսով:

Ներդրողներին առաջին հերթին մտահոգում է հիփոթեքային շուկայում նկատվող դանդաղումը, նրանք, ամենայն հավանականությամբ, գնանշումների մեջ են տեսնում ծախսերի պոտենցիալ աճը ԴՊԾ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացման դեպքում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև