Հայաստանում ամփոփվել են ԿԲ–ի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները

04.11.2014 18:23
Հայաստանում ամփոփվել են ԿԲ–ի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում երեքշաբթի ամփոփվել են ԿԲ-ի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի նախնական արդյունքները, հայտարարեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

ՀՀ ԿԲ-ն հոկտեմբերի 1-ին հայտարարել էր «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին: Հոկտեմբերը հայտարարվել էր անձնական ֆինանսներին նվիրված ամիս:

Միջոցառումն անցկացվել է ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման և անձնական ֆինանսները կառավարելու հարցերին կարևորություն հաղորդելու համար: Հոկտեմբերի 1-31-ը Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ սեմինարներ և ֆինանսական բանավեճեր ուսումնական հաստատություններ, տարատեսակ մրցույթներ, ցուցահանդեսներ բաց երկնքի տակ:

«Վաղ է խոսել ամբողջական ծավալով ծրագրի արդյունքների ամփոփման մասին, սակայն նախնական արդյունքները մենք ամփոփում ենք այսօր», - ասաց Դարբինյանը երեքշաբթի:

Նա նշեց, որ միջոցառումը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, այս տարի անցավ ավելի լայն ձևաչափով, իսկ շահառուներն ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին:

Ինչպես նշեց ՀՀ ԿԲ-ի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, այս տարի միամսյակին մասնակցել է 32 կազմակերպություն:

«Միամսյակը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում: Ավտոբուսով կազմակերպված «Ֆինանսական արշավին» մասնակցեց 300 մարդ: Այդ միջոցառման ընթացքում մասնակիցները կարողացան տեսնել, թե ինչպես են աշխատում ֆինանսական կառույցները», - ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև Դիլիջանում կազմակերպված «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեց 11 բուհի 70 ուսանող: «Երազանքի ծառ» միջոցառումը թույլ տվեց բոլոր ցանկացողներին չորս օրվա ընթացքում արտահայտել ֆինանսների հետ կապված ամենանվիրական ցանկությունները: Նա նշեց, որ մի շարք միջոցառումներ և ակցիաներ կազմակերպվեցին նաև Հայաստանի հեռավոր և սահմանամերձ մարզերում:

Հրապարակվեցին ապահովագրության մասին տեսանյութերի, աշխատանքային գործընթացի լուսանկարների մրցույթների, խնայողությունների մասին շարադրությունների, ձեռքով նկարված թղթադրամի մրցույթի, ինչպես նաև բանավեճերի մրցաշարի և «Երազանքների ծառ» միջոցառման հաղթողների անունները, որոնց մրցանակներ հանձնվեցին:

«Իմ Ֆինանսների միամսյակ»-ն իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հայաստանի բանկերի միության, Վարկային կազմակերպությունների միության, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան-ի, KfW-Kreditanstalt fur Wiederaufbau-ի, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի, Գիտակների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև ֆինանսական առանձին կառույցների համատեղ ջանքերով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև