ՀՀ պետբյուջեի եկամուտները 2014 թվականին կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6%–ով

01.04.2015 13:56
ՀՀ պետբյուջեի եկամուտները 2014 թվականին կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6%–ով

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետբյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների) կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6 տոկոսով, նախօրեին կառավարությունում նախարարության գործունեության տվյալները ներկայացնելիս` ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Կառավարության մամուլի ծառայության համաձայն, 2014թ.–ի հարկաբյուջետային քաղաքականության նպատակը շարունակել է մնալ մակրոտնտեսական կայունության պահպանումը, հատկապես կարևորելով տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ նախորդ տարի սահուն և առանց խնդիրների կատարվել է պետական բյուջեի ծախսային մասը:

Տնտեսության տարբեր ոլորտներում գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման ու ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով հարկ վճարողների մոտ արձանագրվել են շրջանառությունների, գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման դեպքեր: Ընդհանուր առմամբ, 2014թ.–ի երկրորդ կիսամյակում իրականացրած աշխատանքների և ստվերի կրճատման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել լրացուցիչ 16 մլրդ դրամ:

Օպերատիվ հետախուզական գործունեության ուղղությամբ 2014թ.-ի ընթացքում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 711 ստուգում և հայտնաբերվել բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 12.8 մլրդ դրամ: Հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 346 դեպք, կազմվել 107.2 մլն դրամի վարչական ակտ:

2014թ.–ի պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 1,168.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 14 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի) 2014թ.–ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը` նախորդ տարվա 1 տոկոս հավելուրդի դիմաց: Կազմվել և հաստատվել է ՀՀ 2015-2017թթ.–ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ 2015թ.–ի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակում մշակվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Շարունակվել են աշխատանքները բյուջետային հաշվարկների հիմքում դրվող տեղեկատվական բազաների ընդլայնման, ինչպես նաև դրանցում տվյալների էլեկտրոնային եղանակով հավաքագրման և ամփոփման նոր ծրագրային համակարգեր ներդնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է գերատեսչության կողմից հարկաբյուջետային քաղաքականության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ստվերի կրճատման ուղղությամբ շարունակական քայլերի և ծրագրերի, ինչպես նաև հարկային ու մաքսային բնագավառներում հետագա բարեփոխումների իրականացումը:

ՀՀ ԱԺ–ն 2014 թվականի պետբյուջեն ընդունել է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին։ 2014 թվականի բյուջեի եկամուտները ծրագրված էին 1 տրլն 135 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 245 մլրդ դրամ։ Բյուջեի պակասուրդը ծրագրված էր 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2.3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը` 8.6 տոկոս։ (1 դոլարը` 471,13 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև