12.12.2012 19:13
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի նոյեմբերին թողարկել է 42242 պլաստիկ քարտ, ինչը 18% տոկոսով շատ է 2011 թվականի նոյեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:
Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա նոյեմբերին համակարգի կողմից թողարկվել է 14665 ArCa քարտ (նախորդ տարվա նոյեմբերի համեմատ անկումը կազմել է 5,8%), 13016 Visa քարտ (աճը՝ 42%) և MasterCard համակարգի 14561 քարտ (31,6% աճ):
Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը նոյեմբերին գերազանցել է 985,5 հազարը՝ 2011 թվականի նոյեմբերի համեմատ ապահովելով 33,1% տոկոսանոց աճ:
Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 649406 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 502487 -ի դիմաց, դրանցից 339794-ը ArCa քարտեր են (աճը՝ 20,5%), 168353-ը՝ Visa քարտերը (աճը՝ 35,4%), 141259 -ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 47%):
Ընկերությունից նշում են նաև, որ գործարքներ իրականացրած քարտերի տեսակարար կշիռը նոյեմբերի դրությամբ բոլոր տեսակի ակտիվ քարտերի թվի 66 տոկոսն է կազմել:
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտի 16-ին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով: Ներկայում Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-նն այս կամ այն կարգավիճակով մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառվում են տարբեր պրոդուկտներ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև կենսաթոշակային ArCa քարտեր:
Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: