Հայաստանի 1020 տնային տնտեսությունների հիփոթեքի պահանջարկը կազմել է մոտ 350 մլն դոլար. Ameria–ի հետազոտություն

17.12.2012 20:32
Հայաստանի 1020 տնային տնտեսությունների հիփոթեքի պահանջարկը կազմել է մոտ 350 մլն դոլար. Ameria–ի հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հիփոթեքային վարկերի համախառն պահանջարկը, 1020 տնային տնտեսությունների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, կազմում է մոտ 350 մլն դոլար, հայտնեց Ameria խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` ներկայացնելով Զարգացման ֆրանսիական գործակալության և հայկական Ազգային հիփոթեքային ընկերության հիփոթեքային վարկավորման  համատեղ նախագծի շրջանակներում անցկացված ուսումնասիրության արդյունքները։

«Մեր ուսումնասիրության նպատակային խումբը  Հայաստանի մարզերի տարբեր քաղաքների միջին և ցածր եկամուտներով 1020 տնային տնտեսություններն են»,– պարզաբանեց նա։

Հետազոտություններն անցկացվել են մի քանի փուլով։ Առաջին փուլում բացահայտվել և մշակվել են հարցման մասնակիցների ընտրության հիմնական վարկածները, քննարկվել է մեթոդաբանության մշակման հայեցակարգը։ Երկրորդ փուլում անցկացվել է Հայաստանի տարածքում գտնվող տնային տնտեսությունների հարցումը։ Երրորդ փուլը վերլուծական փուլն է, և դրա ընթացքում մշակվել է վերջնական մեթոդաբանությունը։ Չորրորդ փուլն ամփոփել է բոլոր դիտարկումները։ Հետազոտության ավարտը ծրագրված է 2013 թվականի հունվարի կեսերին։

Ջրբաշյանը նշեց, որ ուսումնասիրության շրջանակներում հարցմանը մասնակցել են այն տնային տնտեսությունները, որոնց ամսական եկամուտները կազմում են շուրջ 100-200 հազար դրամ և 200-350 հազար դրամ։ Հարցման համաձայն, հիփոթեքի, նորոգման, էլեկտրականության անցկացման և այլ աշխատանքների պահանջարկն առաջին խմբում կազմել է 94 տոկոս, իսկ երկրորդ խմբում (միջին խումբ)` միայն հիփոթեքի պահանջարկը կազմել է 34 տոկոս, իսկ բնակարանի նորոգման վարկերը կազմել են 48 տոկոս։

Ուսումնասիրության եզրակացությունների համաձայն, հիփոթեքային ոլորտի ամենամեծ ներուժը մայրաքաղաքում և հարակից շրջաններում է։ Իսկ հիփոթեքային վարկավորման առավել գրավիչ պայմանները 60-120 ամիս մարման ժամկետով և 6-14 տարեկան տոկոսադրույքով վարկերն են։

«Գոյություն ունի ֆինանսավորման պահանջարկի և պայմանների տարբերություն մարզերում, մասնավորապես, երկրաշարժից տուժած տարածաշրջանում։ Այնտեղ մեծ պահանջարկ կա, սակայն 7–տոկոսանոց դրույքաչափով և 250 ամիսների (մոտ 20 տարի) մարման ժամկետների ցանկություն են հայտնել։ Ինչ վերաբերում է բնակարանների նորոգման վարկավորմանը, ապա այստեղ կպահանջվի 50-350 ամիս մարման ժամկետ` 15 տոկոս մարման դրույքաչափով»,– նշեց Ջրբաշյանը։

Նա ավելացրեց, որ այդ տվյալները չեն համապատասխանում շուկայական պահանջներին, և մրցունակ առաջարկի ձևավորման արդյունքում այս ոլորտի պահանջարկը կարող է ընկնել։

Ջրբաշյանը միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ թիրախային խմբի մեծ մասը շահագրգռված չէ վարկավորմամբ, որն ուղղված է էներգաարդյունավետության և էներգախնայողության բարելավմանը, և այդ մասով բնակչության իրազեկություն բարձրացնելու կարիք կա։

Հատկանշական է, որ Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով, 2012 թվականի հոկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 123.9 մլրդ դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 0.47 տոկոսով։ Միաժամանակ արտարժույթով տրված հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 60.4 մլրդ դրամ, իսկ դրամայինը` 63.4 մլրդ դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև