Խոշորագույն ռուսական բանկերի կայքերը ցանցահենային գրոհի են ենթարկվել

04.10.2013 15:53
Խոշորագույն ռուսական բանկերի կայքերը ցանցահենային գրոհի են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ–ի, Սբերբանկի, ՎՏԲ–ի, Ալֆա–Բանկի և Գազպրոմբանկի կայքերը, ըստ Банки.ру պորտալի, ցանցահենների կողմից զանգվածային գրոհի են ենթարկվել։

Ինչպես պարզել է Банки.ру–ն, այն կազմակերպել է Anonymous Caucasus խումբը։ Սեպտեմբերի 30–ին YouTube–ում բանկերի կայքերի գրոհի վերաբերյալ պատրաստվող ակցիայի մասին տեսանյութ է հայտնվել։ Դրանում ասվում է, որ Anonymous Caucasus–ը ՌԴ–ի վարկային կազմակերպությունների դեմ գործառնություն են սկսում։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ռուսական կառավարությունը և ռուս քաղաքացիները զրկվեն իրենց հաշիվների հասանելությունից,–հայտնում են տեսանյութում։ –Մենք այսուհետ ևս համապատասխան միջոցներ կկիրառենք տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ»։

Facebook սոցիալական ցանցում խմբավորման էջում Սբերբանկի կայքը կոտրելու մասին սքրինշոթ է հայտնվել։ Հոկտեմբերի 3–ին այնտեղից նաև տեղեկացրել են «TANGO DOWN!» բառակապակցությամբ ԿԲ–ի կայքի գրոհի մասին։

«Տվյալ պահին մենք DDoS գրոհի չորս ալիք ենք նկատել, սկսած առավոտից` օրական մեկ հատ։ Տարբեր տևողությամբ գրոհների են ենթարկվում խոշորագույն բանկերի` Սբերբանկի, Ալֆա–Բանկի, ՎՏԲ–ի, Գազպրոմբանկի և ԿԲ–ի վեբ կայքերը։ Կարող են նաև ասել, որ բոլոր գրոհներն ուղղվել են վեբ կայքերին և մեր կարծիքով, ծառայությունների աշխատանքը չի խախտվել»,– Банки.ру պորտալին ասել է Kaspersky DDoS Prevention նախագծի ղեկավար Ալեքսեյ Աֆանասևը։

Սբերբանկից և Գազպրոմբանկից Банки.ру–ին հաստատել են կազմակերպությունների կայքերի ցանցահենային գրոհի փաստը։

«Գազպրոմբանկի պաշտոնական կայքը հոկտեմբերի 3–ին իսկապես DDoS գրոհի է ենթարկվել անհայտ ցանցահենների կողմից։ Միաժամանակ կայքը շարունակել և շարունակում է աշխատել։ Կայքի աշխատունակությունը և հասանելիությունը հաջողությամբ ապահովվում է Գազպրոմբանկի տեղեկատվության պաշտպանության դեպարտամենտի և «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ համատեղ»,– նշել են Գազպրոմբանկի կորպորատիվ հաղորդակցությունների դեպարտամենտից։
Սբերբանկի մամուլի ծառայությունից խոստովանել են, որ կայքի աշխատանքի խափանում եղել է։

«Բոլոր ֆինանսական ծառայությունները, որոնք բանկի կողմից ներկայացվել են համացանցի միջոցով, ամբողջովին պահպանել են իրենց աշխատունակությունը։ Ներկա պահին բանկի մասնաճյուղային ստորաբաժանումները վերլուծում են խափանման պատճառները»,– ընդգծել են Ռուսաստանի Սբերբանկի մամուլի ծառայությունից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև