ՎՏԲ–Հայաստան Բանկը պրոցեսինգային կենտրոնում տեղի ունեցած խափանման մանրամասն վերլուծություն կանցկացնի

10.03.2014 19:25
ՎՏԲ–Հայաստան Բանկը պրոցեսինգային կենտրոնում տեղի ունեցած խափանման մանրամասն վերլուծություն կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը մանրամասն կվերլուծի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի խափանման պատճառով ստեղծված իրավիճակը` հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու համար, ասաց ՎՏԲ– Հայաստան Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը։

«Բանկի պրոցեսինգային կենտրոնն աշխատում է 2003 թվականից, և փաստորեն դա առաջին այդքան մեծ ու երկարատև խափանումն էր։ Նախորդ երեքշաբթի` մարտի 4–ին, ժամը 13։20–ին տեղի է ունեցել տեխնիկական վթար, որի պատճառով բանկի պրոցեսինգային կենտրոնը դադարել է կատարել իր ֆունկցիաները ողջ ծավալով, այլ կերպ ասած` քարտերը չէին սպասարկվում, հարցումների պատասխաններ չէին տրվում, հաղորդագրություններ չէին ստացվում»,– երկուշաբթի ասաց նա լրագրողներին։

Պարզաբանելով, որ վերականգնողական աշխատանքները սկսվեցին անհապաղ` Սարգսյանն ասաց, որ առաջին իսկ փուլում պարզ դարձավ, որ օպերատիվ կերպով աշխատանքը վերականգնել չի հաջողվի, և դրանից հետո վերականգնման ավելի երկարատև ուղի ընտրվեց։

«Ամենասկզբից պարզ էր, որ հաճախորդային բոլոր տվյալները պահպանվել են, և դրանք չեն կորել միայն այն պարզ պատճառով, որ հաճախորդների տվյալները պահվում են ոչ միայն պրոցեսինգային համակարգում, այլ նաև բանկի ծրագրային համակարգում։ Բոլոր մուտքերը և հաճախորդների գումարները, նախևառաջ, արտացոլվում են բանկային ծրագրային համակարգում, ինչից հետո փոխանցվում են ՊԿ։ Եվ քանի որ ծրագրային համակարգում որևէ անսարքություն չի եղել, հաճախորդի տվյալների կորուստ լինել չէր կարող»,– ընդգծեց նա։

Բանկոմատների աշխատանքի խափանման պատճառը, գործառնական դեպարտամենտի տնօրենի խոսքով, այն էր, որ տեխնիկական խնդիրը ՊԿ–ում էր, որը հրահանգներ է տալիս բանկոմատներին, ոչ թե բանկոմատների ցանցին։ Նա միաժամանակ պարզաբանեց, որ ՊԿ բոլոր ծրագրերը (այդ թվում` բանկոմատների,  POS-տերմինալների կառավարման աշխատանքի, անվտանգության ապահովման և SMS–ների միջոցով հաճախորդներին իրազեկելու ծրագրերը) կառավարվում են նույն կենտրոնից, որն ամեն վայրկյան հաշվետվություն է տրամադրում բանկին հաճախորդի հաշվի մնացորդի վերաբերյալ։

«Եվ ՊԿ հենց այդ հատվածի անսարքությունն է հանգեցնում նրան, որ մյուս բոլոր ծրագրերը, չնայած դրանց կենսունակությանը, համապատասխան հրամաններ չեն ստանում և չեն կարողանում սպասարկում իրականացնել, այդ պատճառով մեր բոլոր ուժերն ուղղված էին այդ հատվածի վերականգնմանը, ինչը կարճ ժամկետներում, ցավոք, իրականացնել չհաջողվեց»,– ասաց նա։

Սարգսյանը միաժամանակ ընդգծեց, որ օպերատիվությունը կարևոր էր նաև այն պատճառով, որ հենց այդ օրը միջոցների փոխանցում կատարվեց կենսաթոշակառուների հաշիվներին, այսինքն` այդ օրվանից ՎՏԲ– Հայաստան բանկից իրենց կենսաթոշակները պետք է սկսեին ստանալ մոտ 58 հազար կենսաթոշակառուներ։

Այս առումով նա նշեց, որ բանկն իր բոլոր մասնաճյուղերում բավականաչափ կանխիկ գումար էր ապահովել, որ կենսաթոշակառուները և այլ քարտապաններ կարողանան իրենց միջոցները ստանալ դրամարկղերում անձը հաստատող փաստաթղթով։

Սարգսյանի խոսքով, խափանումը հաջողվեց մասնակիորեն վերականգնել մարտի 6–ի լույս գիշերը, և կենսաթոշակառուները հինգշաբթի ցերեկը կարողացան իրենց միջոցները ստանալ քարտերով։ Նշելով, որ մյուս քարտապանները կարողացան օգտվել բանկոմատներից արդեն մարտի 7–ի երեկոյան, նա հստակեցրեց, որ որոշում ընդունվեց, նախևառաջ, միջոցների հասանելիություն ապահովել կենսաթոշակառուներին։

«Այժմ հաճախորդային հատվածին վերաբերող բոլոր գործառույթները գործում են։ Այս պահին չի աշխատում միայն մեկ ծառայություն` SMS–հաղորդագրության ուղարկումը սպասարկումից հետո, և այդ ծառայությանը մենք երկրորդական նշանակություն տվեցինք` մյուս բոլոր ֆունկցիաներն ավելի օպերատիվ վերականգնելու համար»,– ասաց նա` հույս հայտնելով, որ այս գործառույթը նույնպես կվերականգնվի առաջիկա ժամերին։

«Մենք տվյալների ողջ բազան վերականգնեցինք գործնականորեն սկզբից, նոր պլատֆորմի վրա նոր համակարգիչների, տեխնիկայի, ինչպես նաև տեղեկության կրկնօրինակների օգտագործմամբ։ Եվ մինչև չկատարվի խափանված նախորդ համակարգի մանրամասն և մանրազնին վերլուծություն և հայտնի չդառնան այդ տեխնիկական խնդրի պատճառները, կարծում ենք, որ չենք կարող խոսել ռիսկերի վերջնական վերացման մասին»,– ընդգծեց նա։

Մեկնաբանելով հասարակությունում պտտվող լուրերն այն մասին, որ տվյալ դեպքն իբր Ռուսաստանի տնտեսական իրավիճակի կամ Ուկրաինայի քաղաքական զարգացումների հետևանք է` Սարգսյանը նշեց, որ քաղաքական ոչ մի իրադարձության և տեխնիկական խափանման միջև որևէ կապ չկա և լինել չի կարող։

«Այդ լուրերի լավագույն պատասխանն այն է, որ այսօր համակարգը նորմալ գործում է»,– ընդգծեց նա։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև