«Կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար». ՀՀ վարչապետ

07.05.2014 19:07
«Կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար». ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր: «Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և դրսևորելու ենք քաղաքական կամք՝ դրանք հաջողությամբ իրականացնելու համար: Այդ նպատակով շարունակելու ենք համագործակցությունը քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար:

Բերնար Դը Ուխտը ևս կարևորել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և իրենց աջակցությունը հայտնել ծրագրի հաջող իրականացման գործում: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ իրենք ևս տեխնիկական առաջարկություններ են ներկայացրել Կենտրոնական բանկին՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Բերնար Դը Ուխտը նշել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է փոխգործակցել կառավարության հետ՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ հասարակության վստահության հետագա ամրապնդմանը նպաստելու համար:

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարումն իրականացնելու է երկու ընկերություն` AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT–ը և C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT–ը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև