ՌԴ–ում բանկային գաղտնիքները կարող են հասանելի դառնալ դատախազներին

08.05.2014 12:16
ՌԴ–ում բանկային գաղտնիքները կարող են հասանելի դառնալ դատախազներին

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Պետդումայում օրինագիծ է պատրաստվում, ըստ որի` դատախազները վարկային կազմակերպություններում կարող են տվյալներ ստանալ քաղաքացիների, ընկերությունների և անհատ ձեռներեցների հաշիվների, գործառնությունների և ավանդների մասին։ Միաժամանակ դրա համար դատարանի վճիռ չի պահանջվի։ Այս մասին գրում է «Известия» թերթը։

Դատախազի հարցման համար հիմք կդառնա դատախազների «օրինական պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը»։ «Ինչպես պարզաբանել է օրինագծի հեղինակ Յուրի Սինելշչիկովը, փոփոխությունների հիմնական նպատակն է օգնել դատախազներին պաշտոնյաների շրջանում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ պայքարում։ Սակայն փաստաթղթով դատախազների համար հասանելի են դառնում վարկային կազմակերպությունների բոլոր հաճախորդների, այլ ոչ  միայն պետական ծառայողների հաշիվները», – գրում է հրատարակությունը։

Այժմ բանկային տեղեկատվության նկատմամբ հասանելիություն ունի 30 կազմակերպություն, որոնց թվում են դատարանները, դատական կատարածուները, հետաքննչական մարմինները, հարկային և մաքսային մարմինները։ «Առաջարկվող օրինագծին կից պարզաբանման մեջ նշվում է, որ այս ցուցակում դատախազների բացակայությունը հարկավոր է գնահատել որպես օրենսդրության բացթողում», – նշում է «Известия» թերթը, հաղորդում է РБК–ն։

Ինչպես նշել է Սինելշչիկովը, հասանելիությունն անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Նրա խոսքով` 2013 թ.–ի սկզբից դատախազները կարող են հայց ներկայացնել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց եկամուտների և ծախսերի միջև մեծ հակասություններ կան։ «Միաժամանակ բանկային գաղտնիքի նկատմամբ հասանելիության բացակայության պատճառով դատախազները չեն կարողանում ստուգումներ անցկացնել։ Այդ պատճառով 2013 թ.–ի հունվարի 1–ից դատախազները որևէ նման հայց չեն ներկայացրել պաշտոնյաների նկատմամբ։ Սա պարզապես անկարգություն է։ Նման իրավիճակ է ստեղծվում ոչ թե այն պատճառով, որ դատախազները վատն են, այլ այն պատճառով, որ նրանք չեն կարող որևէ բան բացահայտել։ Քաղաքացիների և ընկերությունների հաշիվների մասին տեղեկություն ստանալը կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց է։ Սակայն այդ մեխանիզմը չի աշխատում», – հայտարարել է պատգամավորը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև