Հայաստանը ԵԶԲ–ին 150 մլն դոլար ստանալու նոր հայտ է ներկայացրել

29.05.2014 15:11
Հայաստանը ԵԶԲ–ին 150 մլն դոլար ստանալու նոր հայտ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրասիական զարգացման բանկին (ЕАБР), որպես ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչ, փոխանցել է ««Հյուսիս–հարավ» (4–րդ փուլ) ավտոճանապարհային միջանցքի շինարարություն» նախագծի բիզնես ծրագիրը, ինչպես նաև 150 մլն ԱՄՆ դոլար ստանալու հայտ, որը նախատեսված է ծրագրի ներդրումային ֆինանսավորման համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Փաստաթղթերը փոխանցվել են ԵԶԲ–ի փորձագիտական խմբի` Երևան կայացած այցի ընթացքում, խումբը գլխավորել է Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության ապահովման վարչության նախագծային խմբի ղեկավար Ալեքսեյ Չերեկաևը։ ԵԶԲ–ի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարության և տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ։ Չերեկաևի խոսքով` 2013 թ.–ի հունիսին նախապես հավանության արժանացած ֆինանսավորման ծավալը կազմում էր 100 մլն դոլար, սակայն նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները ճշտելուց հետո Հայաստանի Հանրապետության կողմից հարցված գումարը ավելացավ` հասնելով 150 միլիոնի։

Նախագծի ֆինանսավորման մասին հարցը կներկայացվի քննարկման ՀՃՀ–ի խորհրդի առաջիկա նիստի ժամանակ, և եթե այն հավանության արժանանա, ապա ֆինանսավորումը կարող է սկսվել արդեն 2014 թ.–ի վերջին–2015 թ.–ի սկզբին, կարծում են ՀՃՀ–ում։

2010 թ.–ին ՀՀ կառավարության հավանությանը արժանացած «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարության ներդրումային ծրագիրը նախատեսում է, որ համաֆինանսավորման գործում կմասնակցի Զարգացման ասիական բանկը` 500 մլն դոլարի վարկ տրամադրելով։ Հայկական կողմը նախագծի իրականացման համար 60 մլն եվրո է ստացել Եվրոպական ներդրումային բանկից։

«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 1,5 մլրդ դոլար, տևողությունը` 5–6 տարի։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Երթուղու հիմնական առավելություններն են (մասնավորապես Սուեզի ջրանցքով անցնող ծովային երթուղու նկատմամբ) գրեթե կրկնակի անգամ տարածության նվազումը, ինչպես նաև բեռնափոխադրման արժեքի և ժամանակի նվազումը։

«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհը AH 82 միջազգային մայրուղու մի մասն է, որն իրար է կապում Կենտրոնական Ասիայի երկրները։ Այսպիսով, այս երթուղին թույլ կտա այդ տարածաշրջանի երկրներին, առաջին հերթին Ղազախստանին, վերաուղղորդել արտահանման նպատակող իրականացվող մատակարարումները Ռուսաստանի տարածքով դեպի Սև ծով և Պարսից ծոցի երկրներ։

Հայաստանի տարածքով մայրուղին կանցնի հարավից դեպի հյուսիս` Իրանի հետ ունեցած սահմանից մինչև Վրաստանի սահման։ Այն որակյալ տրանսպորտային հաղորդակցություն կապահովի երկրի ներսում, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Վրաստանի տարածքով դեպի համաշխարհային շուկաներ դուրս գալու համար։ Նախագծի ավարտից հետո Հայաստանը կդառնա տարանցիկ պետություն բեռնափոխադրումների ոլորտում։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։ .

ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին` վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԵԶԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև